Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունելու որոշմամբ, հայտնում է Gazeta.ru-ն:
«ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Սահմանադրության մեջ փոփոխությունների ընդունումը, որը վերացնում է խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորների անձեռնմխելիությունը, կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայում խոսքի ազատության վրա»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մեծ ուշադրությամբ հետևում է այդ օրենսդրական փոփոխությունների գործընթացին, որը դեռ պետք է հաստատվի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից:
«Եթե այդ փոփոխությունները հանգեցնեն քաղաքական բանավեճի սահմանափակմանը, ապա դա կխաթարի թուրքական ժողովրդավարության որակը»,- ընդգծել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:



