Tert.am-ը գրում է.
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը նպատակ չի հետապնդում նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք վաղուց հետևում ենք, թե ինչպես է Ռուսաստանն ինտենսիվորեն ներդրումներ կատարում զինված ուժերում»,- ասել է պաշտոնյան։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքն ի պատասխան Ռուսաստանի գործողությունների է ամրապնդում իր պաշտպանությունը, ինչպես նաև խուսափում իրավիճակի սրումից ու աջակցում բաց երկխոսությանը։
«Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք փորձում էինք ստեղծել «սառը պատերազմից» հետո։ Միևնույն ժամանակ, սա առճակատում չէ, մենք չենք ցանկանում նոր «սառը պատերազմ»»,- ասել է նա։
Սթոլթենբերգն ընդգծել է, որ դաշինքի ուժերի ամրապնդումն արևելյան թևում որպես ազդանշան է ծառայում առ այն, որ «ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին, որոնց ուղղված սպառնալիք գոյություն ունի, դա ՆԱՏՕ-ի հիմնական ուղերձն է»։
Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի՝ արևելյան թևում ռազմական ներկայության մասին որոշումը կկայացվի հուլիսի սկզբին, Վարշավայում, կառույցի գագաթնաժողովի ժամանակ։



