Tert.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում գործող հզոր ցիկլոնը կորցրել է իր ուժը, որի հետևանքով կրճատվել է տեղումների ինտենսիվությունը և տարածական ընդգրկվածությունը. Tert.am-ին այս մասին ասաց ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ մայիսի 20-22-ին սպասվող կարճատև անձրևները հիմնականում կլինեն երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին և հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի բարձրադիր գոտում:

«Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում երեկոյան ակնկալվող անձրևները կլինեն շատ կարճատև և ոչ համատարած, այսինքն` կկրեն զուտ երակային բնույթ»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայիսի 23-25-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի հետևանքով երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ըստ նրա, օդի ջերմաստիճանը երեկ բարձրացել է 4-6 աստիճանով և առաջիկա հինգ օրերի ընթացքում կմնա գրեթե անփոփոխ՝ Երևանում գիշերը տատանվելով +12...+14, ցերեկը +27...+29 աստիճանի սահմաններում:

«Տեղումների քանակը մինչ այսօր հանրապետության տարածքում կազմում է ամսեկան նորմայի 60-90%-ը, սակայն, ըստ կանխատեսումների, մինչև ամսվա վերջ այն շրջանների զգալի մասում կմոտենա կլիմայական նորմային, ինչ որ նախապես ակնկալվում էր»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել