Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները պայթյունի վկայություն չեն հայտնաբերել EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռում, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, գրում է Reuters-ը:

Պաշտոնյաները, ովքեր լիազորված չեն եղել հրապարակայնորեն խոսելու հետախուզական տեղեկությունների վերաբերյալ, հայտնել են, որ ԱՄՆ-ն չի բացառում ահաբեկչության, ինչպես նաև մեխանիկական անսարքության վարկածները: Սակայն նրանք հայտնել են, որ արբանյակներից ստացված լուսանկարների և այլ տվյալների նախնական ուսումնասիրությունը չի վկայում ինքնաթիռում խոշոր պայթյունի մասին: 

Միջերկրական ծովում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ինքնաթիռի բեկորների որոնումները:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը երեկ հայտնել էր, որ Հունաստանի իշխանությունները ջրի վրա լողացող իրեր և փրկարար բաճկոններ են հայտնաբերել, որոնք հավանաբար ինքնաթիռին են պատկանում: Այնուամենայնիվ, ավելի ուշ EgyptAir-ի փոխնախագահ Ահմեդ Ադելը հայտնել է CNN-ին, որ բեկորները չեն հայտնաբերվել և որ հայտնաբերված բաճկոնները չեն պատկանել իրենց ինքնաթիռին:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:


Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: Հունաստանի օդանավակայաններից մեկում աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է հունական Կարպատոս կղզու մոտակայքում։

 (David Degner / Getty Images)

 

 (David Degner / Getty Images)

 

 (Khaled Desouki / AFP/Getty Images)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել