Lurer.com–ը գրում է.

Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական բովանդակությամբ բանաստեղծությունների մրցույթի հաղթողն Անգլիայում. նա Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, որը հանդիսանում է Անգլիայի իշխող պահպանողական կուսակցության առաջատար դեմքերից մեկը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մրցույթը հայտարարվել էր ի բողոք Էրդողանի մասին բանաստեղծություն կարդալու համար Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կողմից երգիծաբան Յան Բյոերմանի նկատմամբ հետաքննություն սկսելու թույլտվության:

Մրցույթի հաղթողին հայտարարել է Մեծ Բրիտանիայում հրատարակվող The Spectator հանդեսի լրագրող Դուգլաս Մյուրեյը: Նա գոհունակություն է հայտնել է, որ Բորիս Ջոնսոնը մրցույթի 1000 ֆունտ սթեռլինգ դրամական պարգեւը նվիրաբերել է բարեգործական կառույցի:

«Էրդողանը կարող է բանտ նետել Թուրքիայում ընդդիմադիրներին, Մերկելը կարող է իր երկրում բանտ նետել Էրդողանին քննադատողներին, սակայն, մենք Անգլիայում քնում եւ արթնանում ենք ազատ կերպով: Ոչ մի օտար ավտորիտար չի կարող ցուցում տալ մեզ ինչպես մտածենք, կամ ինչպես արտահայտվենք: Ոչ մի օտար դատավարող եւս չի կարող մեզ ասել, թե ինչպես զվարճանանք: Մենք դրանց կարիքը չունենք», -պարգեւի հաղթողին հայտարարելու ժամանակ ասել է Դուգլաս Մյուրեյը:

The Spectator հանդեսի հոդվածագիր Դուգլաս Մյուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5 տողանոց բանաստեղծությունների մրցույթ էր հայտարարել որպես յուրահատուկ բողոքի ակցիա Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:

Երգիծաբանի դեմ իրավական գործընթաց սկսելու պահանջով հանդես էր եկել Թուրքիայի կառավարությունն այն բանից հետո, երբ Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր ընթերցել:

Բանաստեղծությունում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ: Հեռուստահաղորդավարն իր այդ ստեղծագործությունը ներկայացրել էր որպես «զրպարտական վիրավորանքի նմուշ»:

Դրան ի պատասխան Թուրքիայի կառավարությունը Բեռլին բանավոր նոտա էր հղել` պահանջելով քրեական հետապնդում սկսել հեռուստահաղորդավարի նկատմամբ, որն, իբր, վիրավորել է Էրդողանին: Ինքը` Թուրքիայի նախագահը ապրիլի 11-ին մասնավոր կարգով հայտարարությամբ դիմել էր գերմանական Մայնց քաղաքի դատախազություն:

Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել «նախագահին վիրավորանք» 299-րդ հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Մենք, ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվորապական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայերնակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարանն ավելի անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը: Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններով անհանգստություն է հայտնել է նաեւ ՄԱԿ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել