Tert.am-ը գրում է.Եթե մի պահ վերանանք Վիեննայի հանդիպման կողմերի՝ միմիկայի վրա հիմնված վերլուծություններից ու կոնսենսուս գտնենք այն հարցի շուրջ, որ պանտամիման քաղաքական կատեգորիա չէ և դիմախաղի համար այս կամ այն կողմին քաղաքական հաղթանակ չենք շնորհելու, ապա կարող ենք պայմանավորվել նաև, որ Վիեննայում կատարվածը, ինչպես նաև Վիեննայից հետո տեղի ունենալիքը լուրջ քննարկման առարկա պետք է դառնան, ինչն էլ հետագայում օգնելու է նախանշել մեր գործողությունների հստակ պլանն ու հասկանալ՝ ինչպիսին է լինելու մեր կյանքը Վիեննայից հետո:
Նախագահ Սարգսյանի կողմից արձանագրված փաստ է, որ 2011-ին հայկական կողմը համաձայնել է բանակցել Կազանյան փաստաթղթի շուրջ, իսկ ադրբեջանական կողմը՝ հրաժարվել: Ակներև է, որ եթե վաղը երկկողմանի որոշում կայացվի՝ վերադառնալ բանակցային սեղանին, ապա քննարկման առարկան լինելու է հենց Կազանյան փաստաթուղթը, որը հակամարտող կողմերին ներկայացված վերջին փաստաթուղթն է:
Ինչո՞ւ Ալիևը 2011-ին հրաժարվեց բանակցել այդ փաստաթղթի շուրջ: Մեծ հաշվով, նա վստահ էր, որ ռազմական ճանապարհով ավելին կվերցնի, քան փաստաթղթում նախանշված 5 շրջաններն են: Փաստացի 2011-ից Ադրբեջանը սկսեց լրջորեն պատրաստվել պատերազմի՝ այդ ընթացքում բազմապատկելով իր ռազմական բյուջեն և հայատյացությունը դարձնելով երկրի արտաքին քաղաքական հիմնական դոկտրին:
Սակայն արի ու տես, որ Ալիևը սխալվեց իր հաշվարկներում, և եթե նա այսօր խոսում է այն բանակցային սեղանին վերադարձի մասին, որը մերժել էր 2011-ին, երբ ավելի քիչ զենք ու ավելի քիչ բյուջետային մուտքեր ուներ, նշանակում է, որ նա ընդունում է իր պլանի ձախողումը: Ի դեպ, այն մասին, որ Ադրբեջանը լուրջ ցանկություն ունի վերադառնալ բանակցությունների սեղան, նշեցին նաև ԵԱՀԿ համանախագահները՝ ասելով, որ հակառակ դեպքում նման ներկայացուցչական կազմով Վիեննա չէին մեկնի: Այսինքն՝ բանակցությունների սեղանին վերադարձը սարերի հետևում չէ՝ հատկապես, երբ հակամարտող կողմերի նախագահների հաջորդ հանդիպման մոտավոր օրը նույնպես հայտնի է:
Սակայն, եթե մինչ այս պահը մեր հիմնական մարտավարական հնարքը եղել է այն, որ մենք համաձայն ենք Կազանյան բանաձևին, քանի որ վստահ ենք, որ Ադրբեջանը չի համաձայնի դրան, ի՞նչ կլինի, եթե ձախողված պլանով Ալիևը համաձայնի բանակցել Կազանյան սկզբունքների շուրջ: Մենք էլի համաձայն լինելո՞ւ ենք, թե՞ ոչ:
Համոզված եմ, որ 2011-ին նախագահ Սարգսյանը Կազանյան փաստաթղթին համաձայնելու իր որոշումը միանձնյա չի կայացրել: Դրան իրազեկ են եղել ԼՂՀ իշխանությունները, ինչպես իրազեկ են լինում ցանկացած բանակցության արդյունքից ԼՂՀ հակամարտության թեմայով: Խիստ տրամաբանական է նաև, որ Սերժ Սարգսյանը վստահ է եղել, որ իր քաղաքական թիմն իրեն կսատարի, քանի որ հավանաբար բացատրել է թիմին, որ տվյալ պահին ավելի մեծ արդյունք ակնկալել ու միջազգային հանրության բարեհաճությունն ավելի արդյունավետորեն շահել հնարավոր չէ: Այնինչ հայ ժողովուրդը Կազանի մասին տեղեկացվել է պոստֆակտում, այն էլ՝ ընդամենը օրեր առաջ:
Կազանից 5 տարի հետո մենք այլ իրավիճակ ունենք՝ հարյուրից ավելի զոհ, 800 հա. կորսված տարածք: Փոխվե՞լ է մեր վերաբերմունքը փոխզիջումների հանդեպ այս ամենից հետո, թե՞ մենք էլի տարածքներ զիջելու կողմնակից ենք: Հին թափված արյունը չարժեզրկելու համար որոշում ենք նոր արյո՞ւն թափել, թե՞ որոշում ենք, որ ցանկացած հայի արյուն այնքան թանկ է, որ նոր արյուն թափել պետք չէ: Փաստ է, որ մենք չտեսանք, որ Վիեննայից վերադառնալուց հետո իշխանության որևէ ներկայացուցիչ Սերժ Սարգսյանին սվիններով ընդունի ու բանակցությունների սեղանին վերադառնալու նրա մղումը համարի անտրամաբանական: Կարևոր է նաև, որ Վիեննայի հանդիպումը դրական գնահատեց նաև Արցախի Նախագահի մամուլի խոսնակը:
Այսինքն` ունենք իրավիճակ, երբ իշխանությունները մեծ հաշվով պատրաստ են փոխզիջումների, իսկ հասարակական տրամադրություններում գերակշռում է ռադիկալությունը, և «Ոչ մի թիզ հող» կարգախոսը դարձել է գերիշխող: Հասարակության և իշխանությունների ցանկությունների այսպիսի խորը հակասությունը պրոբլեմատիկ է, և իշխանությունները պարտավոր են դրա հետ հաշվի նստել: Եվ քանի որ դեռ պարզ չէ, թե ում դիրքորոշումն է ավելի հեռանկարային և որ դիրքորոշումը պետք է մեր առաջիկա քայլերը նախանշի, այս փուլում անհրաժեշտ է մեկնարկել ԼՂՀ հակամարտության կարգավորման թեմայով քննարկումներ և թողնել, որ ճշմարտությունը ծնվի այդ քննարկումներից: Հասարակության հետ խոսելն այլընտրանք չունի: Անցել են մեզ համար կարևորագույն որոշումների մասին մեզ պոստֆակտում ծանուցելու մշուշոտ ժամանակները. եկել է պահը երկխոսության: Հանրությանը պետք է նորմալ բացատրել՝ ի՞նչ է իրեն սպասում՝ պատրաստվի խաղաղությա՞ն, պատերազմի՞, օգնի՞ իշխանություններին, որ չգնան զիջումների, պարտադրի՞ իշխանություններին, որ չգնան զիջումների, թե՞ այլ տարբերակների մասին մտածի: Այսօր Բաքվում թեյ խմելու ու Ստամբուլն արյան ծով սարքելու պլան ներկայացնողների պակաս չունենք, փոխարենն ունենք կշռադատված խոսքի կարիք: Իհարկե, հանրության տրամադրություններում ռադիկալը միշտ հաղթում է, բայց պետք չէ՞ արդյոք ճիշտ կշռադատել, թե այդ ռադիկալ խոսք ասողի պլանով շարժվելու դեպքում մեզ ինչ է սպասելու: Էսպես թե էնպես, հազարավոր արյուններ թափելու կոչեր անողները սրտի խորքում միշտ վստահ են, որ այդ արյունն իրենցը չի լինելու, ու գոնե ինձ հասնում են լուրեր, թե ինչպես են այդ ճառ ասող հերոսներից շատերը Ղարաբաղը լքել, երբ առաջին գծում կանգնելու հրաման են ստացել: Էնպես որ փաստ չէ, որ ռադիկալների ասածով շարժվելու դեպքում երաշխավորված է, որ մեզ ներկայացվելու են նաև քայլ երկրորդը, երրորդը և չորրորդը:
Տարիներ շարունակ մենք խաղաղության պատրաստվեցինք և պատերազմ ստացանք: Ի՞նչ կստանանք, եթե սկսենք պատերազմի պատրաստվել: Պատերա՞զմ՝ անկանխատեսելի ելքով, թե՞ խաղաղություն, որի ո՛չ գինը գիտենք, ո՛չ էլ գիտենք՝ կարողանալո՞ւ ենք այն պահել, թե ոչ:
Մինչև Վիեննան կարելի էր լինել էմոցիոնալ, բայց հիմա կոնստրուկտիվ դաշտ վերադառնալը պարզապես իրավիճակի հրամայական է: Եթե մենք մերժում ենք Կազանը ու գնում ենք «ամեն ինչ բանակին» սկզբունքով, կարողանալո՞ւ ենք մենք վաղը սպասարկել այդ նույն բանակին: Կամ մեր տնտեսությունը դիմանալո՞ւ է դրան: Կամ, եթե մենք մեր ողջ գումարով զենք գնեցինք, մեզ թողնելո՞ւ են հետո պատերազմել: Իսկ եթե չթողեցին, կարողանալո՞ւ ենք մենք մեր ժողովրդի հարցերին պատասխանել, թե ինչու նրանց կրած զրկանքներն արդյունք չտվեցին:
Միտումնավոր, թե էմոցիանալ դաշտում մենք այնպիսի քաղաքականություն տարանք և այնպիսի պրոպագանդա արեցինք Հայաստանի՝ թալանված լինելու թեմայով, որ հիմա Սփյուռքը մեզ հաճույքով չի օգնում: Մեր պրոբլեմն այժմ միայն մեր պրոբլեմն է, ուզենք դա, թե ոչ: Ու պատահական չէ, որ ապրիլյան ծանր օրերին օգնություններից շատերը Հայաստանից էին: Ու վաղը մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք ու մեր ուժերը չգերագնահատենք: Ինչպես տեսանք՝ մենք Բաքուն չգրավեցինք, իրենք էլ՝ Երևանը: Ավելորդ պաթոսը ոչ մի կերպ չարտահայտվեց ռազմի դաշտում: Մենք կորցնելու բան ունենք ու պետք է ճիշտ կշռադատենք՝ որտեղ է պետք զիջել, որտեղ՝ կռվել, որպեսզի մեր ունեցածն էլ չկորցնենք:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/author/124/2025231
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



