Աշխարհի ցանկացած կետում համացանց դուրս գալու հնարավորությունը կօգնի հաղթահարել Երկրագնդի բնակչության 7 տոկոսի կամ 500 միլիոն մարդու աղքատությունը, իսկ աշխարհի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի ավելի քան 6 տրիլիոն դոլարով: Այս մասին ասված է PricewaterhouseCoopers (PwC) միջազգային խորհրդատվական ընկերության մամուլի տեղեկագրում:

Հետազոտության տվյալների համաձայն՝ չնայած շարունակվող թվային հեղափոխությանը, համացանցային նոր օգտատերերի թվի աճը, որոնց հիմնական մասը բաժին է ընկնում զարգացող երկրների բնակիչներին, վերջին տարիներին դանդաղել է:

«Աշխարհը ցանցում» հետազոտության հեղինակները հաշվարկել են, որ գլոբալ մակարդակով Համացանցից համատարած օգտվելու հնարավորությունը կապահովվի, երբ զարգացած տնտեսությամբ երկրներից յուրաքանչյուր օգտատիրոջ բաժին ընկնի 5 օգտատեր զարգացող երկրներից: Ներկայումս այդ հարաբերակցությունը կազմում է 1։2։

Եթե առաջիկա 5 տարում ապահովվի ամբողջ աշխարհում համացանցին միանալու հնարավորություն, դա կհանգեցնի ավելի քան 4 միլիարդ մարդու համար սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման և կապահովի համաշխարհային ՀՆԱ-ի աճ 6,7 տրիլիոն դոլարով: Հեռահաղորդակցական ցանցերի համար աճի հնարավորություններն այդ դեպքում գնահատվում են 400 միլիարդ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել