Tert.am-ը գրում է.
2015 թ-ի ընթացքում ապահովվել է գների կայունություն, նվազել են հասարակության շրջանում գնաճային սպասումները. ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության ժամանակ ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Զեկույցից հետո ՀՀ ԿԲ նախագահն անդրադարձավ պատգամավորների հարցերին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց, թե արդյոք ապրիլյան պատերազմը չի խանգարել ՀՀ տնտեսական ակտիվությանը, մասնավորապես ներդրումներին: Նա նաև հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օպտիմալացման մասին հայտարարությունից:
«Ի՞նչ կարելի է ակնկալել Կառավարության կողմից բարձրաձայնած օպտիմիզացիայի հետևանքով կրճատումներից, ծախսերի նվազեցման հետ կապված քայլեր եղե՞լ են: Պատրաստվո՞ւմ եք հայտարարությունից հետո փոխել դրամավարկային քաղաքականությունը»,- հարցրեց Թևան Պողոսյանը:
Արթուր Ջավադյանը նշեց, թե պատերազմական գործողություններից հետո միջազգային շուկաների լավագույն պատկերը պայմանավորվում է եվրոպարտատոմսերի եկամտաբերության հետ կատարվող փոփոխություններով: «Կարող եմ ասել, որ որևէ ձև դա չանդրադարձավ մեր եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա, ավելին՝ ավելի շտկվեց իրավիճակը, բայց միանշանակ անդրադարձավ մեր հարևան երկրների եվրոպարտատոմսերի վրա, Թուրքիայի եվրոպարտատոմսերի վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ ու որոշակիորեն Ադրբեջանի պարտատոմսերի վրա։ Մեր պարագայում որևէ խնդիր մենք չունեցանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրճատումների հարցին, ասաց, որ արդեն իսկ որոշակի քայլեր կատարվել են, որոշները ընթացքի մեջ են. «Ասացինք Կառավարության նիստի ժամանակ, որ կլինեն կրճատումներ մեքենաների հետ կապված: Համապատասխան հանձնարարականներ տրվեց նաև օպտիմալացնել աշխատակազմի քանակը և այլ տիպի ծախսերը: Երբ կունենաք կառավարության վերջնական եկամուտների և ծախսերի ծրագիրը, կունենանք 2017 թ-ի բյուջետային քննարկումը, միանշանակ հաշվի կառնենք և համապատասխան ճշգրտումներ կանենք մեր դրամավարկային ծրագրի մեջ»,- ասաց նա:
Ջավադյանի խոսքով՝ հաջորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշները բարձրացրել են և կլինի 2.4-ից մինչև 3.3-ի միջակայքում, ինչը ոչ միան օպտիմիստական, այլև իրատեսական ծրագիր է:



