Panorama.am-ը գրում է.

Ի կատարումն կառավարության նախորդ նիստի՝ վարչապետի կողմից տրված հանձնարարականի, բոլոր կետերով աշխատանքները սկսված են, ինտեսիվ ընթանում են: Այս մասին այսօր գործադիրի նիստից առաջ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով: Մասնավորապես, առաջին փուլով կկրճատվի 797  մեքենա: «Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև աշխատել ենք բոլոր առընթեր մարմինների՝ բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության և քննչական, ինչպես նաև փրկարար ծառայության: 

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ բյուջեից  ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, Փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա:

«Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ առաջարկում են ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների վերոնշյալ քանակի նվազեցումը, ինչպես նաև կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել