«Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ամենանվիրական ու խորհրդանշական տոներից մեկն է։ Հենց այս տոնն է խորհրդանշում մեր երկրի անկախությունն ու խաղաղությունը: 21 տարի առաջ դրվեցին Հայոց բանակի կազմավորման հիմքերը, բանակ, որն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն է, բանակ, որն այսօր հպարտության առարկա է, բանակ, որը փայլուն կատարեց իր առջև դրված գերակա խնդիրը` ազատագրեց Արցախն ու այսօր էլ անառիկ է պահում մեր պետության սահմանները: Բանակը մեր ազգի մեծագույն ձեռքբերումներից է, մեր պետականության հզորության, մեր ժողովրդի անվտանգության ու խաղաղության կարևորագույն երաշխիքը:

Հայոց ազգային բանակը ստեղծվեց մեր պետության համար ամենադժվարին փուլում՝ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ընթացքում: Նոր կազմավորված ստորաբաժանումներն ու զորամասերն անմիջապես ստանձնում էին հայրենիքի սահմանների պաշտպանությունը, կանգնում մարտական հերթապահության: Մեր բանակի ողնաշարն այսօր կազմում են ազատագրական մարտերում թրծված մարտիկները, ովքեր իրենց փորձն ու հմտությունը փոխանցում են հաջորդ սերնդին: Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, նրանց ծնողերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։

Հավերժ փառք ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի ու ժողովրդի համար:

Հավերժ փառք հայոց բանակին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել