Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes Sprinter մակնիշի 33 ՍD 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել հանդիպակաց գոտի, արմատախիլ արել մի քանի ծառեր և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Թ. Շուշանյանի կարգադրությամբ ավագ քննիչ Կորյուն Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածն ու վիրավորն առաքիչներ էին, իսկ ավտոմեքենան պատկանում էր «Մուսալեռ» ընկերությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել