ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշներով այս տարի ՀՀ տնտեսության աճը 3 տոկոս է և եկող տարի դիտարկվում է աճ՝ 2-2,1 տոկոսի շրջանակներում:
«Սա նշանակում է, որ կանխատեսվում է տնտեսական անկում այս տարվա ընթացքում»,-նշեց նա և հարցրեց, թե դիտարկելով նաև տրանսֆերտների պակասը, ՀՀ տնտեսական անկման հետ կապված՝ կառավարությունը ի՞նչ մոտեցում է ցուցաբերելու, որ մարդկանց աղքատացումն ու արտագաղթը կարողանա կանխել:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով նշեց, թե իրենց կանխատեսմամբ՝ տնտեսական աճը 2016թ. ընթացքում կարող է լինել ավելին:
«Այս տարի կլինի ավելին, և դա որպես անկում գնահատել հնարավոր չէ»,-ասաց նա:
Գաբրիելյանը շեշտեց, թե պետք է նկատի ունենալ, որ տնտեսական աճի պայմաններում մի որակական զարգացում կա՝ արտահանման առաջանցիկ ընթացման տեմպը:
«Արտահանման և ներմուծման հարաբերակցությունը երբևէ այսքան մոտիկ չի եղել, որքան այս եռամսյակի ընթացքում»,-ասաց նա և նշեց, որ այս տարի կգրանցվի ավելի քան 3,2 տոկոս աճ և 17թ. էլ, դիտարկում են, որ կրկին աճ կունենան:
«2016-ին ավելի լավ զարգացումներ ունենք, քան նախատեսված էր, և անգամ եթե ԿԲ-ի կանխատեսմամբ՝ տնտեսական աճը 2017-ին ավելի քիչ է, քան 2016-ին, դա տեմպերի դանդաղում է , բայց ոչ երբեք տնտեսական անկում»,-ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/18/gabrielian/2023786
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել