ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վերահսկիչ պալատի 2015 թ-ի հաշվետվությանն անդրադարձավ իր ոլորտին: Ըստ նրա՝ ՎՊ-ի մատնանշած որոշակի թերություններ արդեն իսկ շտկված են, իսկ որոշների կարգավորման համար անհրաժեշտ է օրենսդրական դաշտի կարգավորում:
Նախարարն անդրադարձավ ՎՊ հաշվետվության մեջ նշված՝ Հայաստանում դեղերի շրջանառության օրինականության և արդյունավետության հետ կապված դիտողություններին, որտեղ հիմնական մասը վերաբերում է դեղերի ներմուծման գներին և գնումների կազմակերպման ժամանակ գների տարբերությանը:
«Փաստացի բոլոր գնումները Առողջապահության նախարարությունը և առողջապահական հիմնարկները կազմակերպում են «Գնումների մասին ՀՀ օրենքի» և կառավարության համապատասխան որոշումների հիման վրա: Սակայն վերոնշյալ օրենքը բացարձակապես չի սահմանափակում շահույթն այն ներմուծողների, որոնք մասնակցում են այդ մրցույթներին: Ոստի՝ ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ փորձել ենք ու փորձում ենք ներդնել մրցույթներ, որտեղ նախահաշվային գինը նվազագույնն է, սակայն մասնակիցների կողմից ներկայացված գնային քաղաքականությունը չի համապատասխանում նախահաշվային գնին, ինչը խոչընդոտ է դեղամատակարարման գործընթացին»,- ասաց նա:
Ըստ նրա՝ երկու խնդիր կա, որը լուծում է պահանջում՝ ինչպես փոխել օրենսդրական դաշտը և ինչպես լուծել օրվա խնդիրը: Ըստ նրա՝ արդեն իսկ առաջարկներ է ներկայացվել ՎՊ:
«Կազմակերպել էինք ուղիղ գնումներ եվրոպական արտադրողներից, որը թույլ տվեց կտրուկ նվազեցնել դեղամատակարարման ծախսերը և բարձրացնել որակը: Այս աշխատանքների շնորհիվ տարեկան շուրջ 500 մլն դրամ կարողացել ենք տնտեսել, իսկ 2015 թ շուրջ 800 մլն դրամ ենք տնտեսել»,-ասաց նա:
Նախարարը նշեց, թե աշխատանքների ընթացքում բազմաթիվ խնդիրն են ծագել հակադիաբետիկ դեղերի հետ կապված, որը լայն հասարակական քննարկման առարկա դարձավ, և իրենց հաջողվել է 116 դրամի փոխարեն գնել 35 դրամով:
Նախարարը խոսեց նաև այն մեղադրանքների մասին, որ Առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության հետ կապված պատշաճ վերահսկողություն չի իրականացնում: Նա նշեց, որ վերջերս ԱԺ-ում հաստատված «Դեղերի մասին» նոր օրենքով ՀՀ-ում կարող են շրջանառվել միայն գրանցված դեղերը, բացառությամբ մի քանի դեպքերի՝ Արտակարգ իրավիճակների, ՀՀ կարիքների համար հումանիտար ճանապարհով բերված դեղերի:
«150 վարչական վարույթ է եղել, և հայտնաբերվել 170 չգրանցված ու 120 ժամկետանց դեղեր: Հարուցվել է քրեական գործ, որոշ դեղատներ զրկվել են մանրածախ լիցենզիայից: Վերահսկողության մեխանիզմները «Դեղերի մասին» նոր օրենքով խստացվում են, ինչպես նաև բարձրացվում են տուգանքները»:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/18/muradian/2023700
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



