Tert.am-ը գրում է.

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը Բերձորի ազատագրման 24-րդ տարեդարձի առթիվ
հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում ասվում է.                                                                         


«Եռասերունդ Երկրապահ Կամավորականների Միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների, առաջնագծում իրենց պարտքը կատարող կամավորականների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 24-րդ տարեդարձի առթիվ:


Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող միջանցքը, որ իրավամբ կոչվեց կյանքի ճանապարհ:


Բերձորի ազատագրմամբ կյանքի կոչվեց հայ ժողովրդի երկու հատվածների երազանքը, իրականություն դարձավ  բաղձալի միացումը, որն ազգային ազատագրական նոր պայքարի կարգախոսն էր ու հայության արյան կանչը:


Հայաստանն ու Արցախը միացան: Հայ կամավորականները, երկրապահներն իրականացրին հայ ժողովրդի  երազանքներից մեկը: Այդ երազանքի իրականացման համար բազում խիզախ հայորդիք նահատակվեցին:


Փա´ռք Հայաստանի ու Արցախի անկախության և ազատագրման համար նահատակված մեր բոլոր մարտընկերներին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:


Բերձորի միջնակարգ դպրոցն անվանակոչված է «Մալաթիա»  երկրապահ կամավորական ջոկատի հիմնադիր, հրամանատար, ԵԿՄ բարձրագույն պարգև
«Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ Վահան Զատիկյանի անունով: Դպրոցամերձ հատվածում էլ հպարտորեն կանգնած է Վահան Զատիկյանի կիսանդրին, իսկ դպրոցում նոր վահաններ են դաստիարակվում` հայրենասերների նոր սերունդ:


Փա´ռք նաև բոլոր նրանց, ովքեր այսօր ապրում են ազատագրված հայրենիքում, շենացնում են այն ու դրանով իրականություն դարձնում մեր ու մեր զոհված մարտընկերների երազանքը:

Հարգելի´ բերձորցիներ,
Արցախի սիրելի´ ժողովուրդ.

Անցած 20-25 տարում, մենք աշխարհին ցույց տվեցինք, որ հայությունը գոյատեւել է միայն Արցախի, Հայաստանի ու աշխարհասփյուռ հայերի միասնությամբ եւ մեր բոլոր խնդիրները լուծվելու են միասնական ջանքերով: Մենք  բոլորս`Երևանում, Ստեփանակերտում, Էջմիածնում, Տավուշում թե Բերձորում երկրապահ ենք, ու շենացնելու ենք մեր ազատագրված հայրենիքը, մենք հզորացնում ենք Երևանը,Ստեփանակերտը, հզորացնում ենք աշխարհասփյուռ հայությանը: Ասվածի վկայությունն է եւ այն, որ այս տարվա ապրիլի 2-ի թուրքական սադրանքից հետո առաջնագիծ շտապեցին երկրապահ կամավորականներ Հայաստանի, Արցախի բոլոր բնակավայրերից, անգամ` արտերկրից: Մենք, հայոց բանակի հետ համատեղ, վճռականորեն պաշտպանում ենք հող հայրենին, ոչ մեկ թիզ հող չենք զիջելու արյունարբու ոսոխին, ճիշտ հակառակը` դեռ նորանոր տարածքներ ենք ազատագրելու, հետ ենք շպրտելու թուրքին իր որջը:


Հայաստանն ու Արցախը հզոր են ամեն մի հայով, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա Հայաստանի ու Արցախի շունչը:


Եվս անգամ երկրապահի օրվա , մայիսյան բոլոր տոների և Բերձորի ազատագրման օրվա  առթիվ շնորհավորում եմ ողջ հայությանն ու մաղթում խաղաղություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել