Tert.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխարհի լավագույն դիվանագետներից է, սակայն, եթե հիշեր, թե ինչի են բերել Հայաստանում արցախյան հարցում փուլային և փաթեթային քննարկումները, կփաթեթավորեր իր խոսքն ավելի դիվանագիտական ձևակերպումներով՝ խոսելով փուլային կարգավորման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

«Սա նշանակում է, որ Լավրովը թերևս աշխարհի լավագույն դիվանագետներից մեկն է, բայց այնուամենայնիվ, ամենագետ չէ և չի հիշում, որ փուլային և փաթեթային տարբերակների քննարկումը ժամանակին Հայաստանում բերեց առաջին նախագահի հրաժարականին: Հակառակ պարագայում կփաթեթավորեր իր խոսքը ավելի դիվանագիտական ձևակերպումներով. այդտեղ տեղի ունեցավ խոսքի սայթաքում: Եվ սա փաստացի նշանակում է` վերադարձ փուլային տարբերակին»,-ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հնարավոր է փոխզիջում, բայց փուլ առ փուլ:

Հայկ Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դրանից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ, մոտավորապես, դա լինելու է փաթեթային լուծում՝ փուլային հանգրվաններով:Սա, ըստ Հայկ Ա. Մարտիրոսյանի, նշանակում է, որ «մի քիչ հղի ենք, բայց չենք ծննդաբերելու, թեև ծննդաբերելու ենք»: Այսինքն` ըստ նրա` փուլայինը փուլային է, փաթեթայինը՝ փաթեթային:


Անդրադառնալով հարցին, թե ռազմական գործողությունների ֆոնին որքանո՞վ էր կարևոր Վիեննայի հանդիպումը, քաղաքագետը նշեց. «Ընդհանրապես պատերազմից հետո շփումը նման թշնամու հետ չի տալիս լավ բաներ, բացի այն հանգամանքից, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներին Հայաստանը չվիրավորեց: Մի քիչ ավելի կենցաղային ասենք` չնեղացրեց՝ չգնալով Վիեննա: Սա միակ դրականն է»:

Նա նշեց, որ այս պատերազմից հետո հայկական կողմը պետք է համարի, որ խնդիրը կարգավորված է, և կարգավորված չէ այն 800 հեկտարը վերադարձնելու մասին հարցը, ինչի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք, փաստորեն, շատ երկար խոսել ենք այն մասին, որ մենք հաղթող կողմ ենք, առաջին փուլում գոնե, եթե մենք հաղթող կողմ ենք, ինչո՞ւ ենք շահագրգռված, որ մեր հաղթանակը մեր թշնամին ընդունի իրավաբանորեն: Կա հայկական երկրորդ պետություն, որը պետք է դարձնել Հայաստանի վերջին մարզը: Մենք ինչի՞ ենք դրան ձգտում, որպեսզի պատերազմ չլինի՞, պատերազմ լինելու է յուրաքանչյուր պարագայում»,-ասաց քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել