Tert.am-ը գրում է.
Ռուսաստանը հայկական լոլիկի անվան տակ ներկրվող թուրքական լոլիկ չի վերադարձրել Հայաստանին։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնից, որի տվյալներով՝ տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 119.221 կգ տոննա լոլիկ, վերջին խմբաքանակը ներկրվել է մարտի 23-ին։
«Այս տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 119.221 կգ տոննա լոլիկ, ընդ որում՝ վերջին խմբաքանակը ներկրվել է մարտի 23-ին»,-հայտնեցին լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ օրերս Թուրքիայից 15 «ֆուռ» պոմիդոր է ներկրվել։
Թերթի տեղեկություններով՝ պոմիդորի վրա փակցրած թուրքական պիտակները Հայաստանում փոխարինվել են կեղծ հայկականով ու փորձել են տեղափոխել ՌԴ։ Վերին Լարսի անցակետում, սակայն, ռուսական կողմը հասկացել է խաբեությունը։ Բացի այդ, լաբորատոր անալիզի են ենթարկել պոմիդորը և պարզել, որ այն մեծ քանակությամբ թունաքիմիկատ է պարունակում, ու բեռները հետ են ուղարկել։
ՍԱՊԾ լրատվականից նշեցին, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հանձնարարականի համաձայն՝ արդեն մեկ տարի է՝ Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը պարտադիր կարգով ենթարկվում է լաբորատոր հետազոտության, որից հետո միայն բաց թողնվում հայկական շուկա:
Բացի այդ, Թուրքիայից ներկրվող մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները ՝ ինչպես թարմ, այնպես էլ սառեցված, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում են նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության:
Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում բեռների ներկրումը հանրապետություն արգելվում է:



