Tert.am-ը գրում է.
«Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:
Դուք աշխատում եք հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներում, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Թանգարանները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գտածոյի, ցուցանմուշի, արվեստի գործի ու փաստաթղթային հավաքածուի միջոցով անցյալը մղում է մտածել ապագայի մասին, իսկ ներկան` բացահայտում երեկվա կարևորությունը վաղվա համար:
Սակայն թանգարանային ցուցադրությունները կարող են ընկալվել անբարբառ առարկաներ կամ իրեր, եթե չլինեն ձեր աշխատանքն ու նվիրումը, ձեր մասնագիտական աջակցությունը բոլոր նրանց, ովքեր թանգարանների միջոցով հաղորդակցվում են ժողովրդի պատմության և մշակույթի ակունքներին, նրա ոգուն ու երևակայությանը, ծանոթանում հազվագյուտ փաստաթղթերի ու հետաքրքիր փաստերի, երեկվա ու այսօրվա միջով ճանապարհորդում դեպի վաղը: Ձեր` պատմամշակութային ժառանգության պահապաններիդ շնորհիվ ապագա սերունդների համար խնամքով պահպանվում է պատմական ու ժամանակակից արժեքների այն թանկարժեք ամբողջությունը, որ գտնվում է թանգարաններում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք» :



