Tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները պատասխանել են change.org կայքում տեղադրված խնդրագրի հեղինակին, ով պահանջում էր վերանայել երաժշտական մրցույթի արդյունքները:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` «Եվրատեսիլի» ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եվրատեսիլ-2016-ի» հաղթողը կմնա Ուկրաինան:
«Հասկանում ենք, որ բոլորը համաձայն չեն «Եվրատեսիլ» մրցույթի արդյունքների հետ, սակայն մի մրցույթում, որտեղ արդյունքները որոշվում են սուբյեկտիվ և հաճախ շատ անձնական կարծիքների հիման վրա, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք համաձայն չեն լինի: Չնայած դրան` արդյունքները ուժի մեջ են մնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչն ու սեփականատերն է, խոստացել էր վերանայել մրցույթի արդյունքները:
Խնդրագիրը ավելի քան 310 000 ստորագրություն է հավաքել: Խնդրագրի հեղինակն է Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանը:



