Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 30 երեխայի համար այսօր իսկական տոն էր կազմակերպվել «Երևան մոլի» «Նավապետ Քիդ» խաղասրահում։ 5-12 տարեկան երեխաները ոգևորությամբ խաղում էին, օգտվում ատրակցիոններից։ «Jazzve kids»-ն իր հերթին հետաքրքիր միջոցառում ու հյուրասիրություն էր կազմակերպել երեխաների համար։

«Jazzve kids» նախագծի ղեկավար Սիլվա Ղամբարյանը BlogNews-ին ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ։ ««Jazzve kids»-ը նոր նախագիծ է, այդ իսկ պատճառով առաջին անգամ ենք նման նախագիծ իրականացնում, սակայն արդեն իսկ ունենք պայմանավորվածություններ, որ սա շարունակական բնույթ է կրելու։ Հուսով ենք՝ սա վարակիչ կլինի նաև մյուս մեծ կազմակերպությունների համար»,- նշեց նա ու հայտնեց, որ ««Mega Toys» խանութն էլ նվերներ է պատրաստել երեխաների համար. նրանք կստանան զարգացնող խաղեր, որոնց օգնությամբ կարող են ժամանցը կազմակերպել հետաքրքիր և արդյունավետ։

«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի Մաքեթինգի բաժնի տնօրեն Շուշան Ավագիմյանն էլ նշեց, որ նման նախագծերը պակասում են մեր հասարակության մեջ։ «Ծնողազուրկ երեխաներն անտեսված են։ Այս նախաձեռնությամբ որոշել ենք իրենց դուրս հանել մանկատան պատերից, պարգևել զվարճանք, ուրախություն։ Կան երեխաներ, ովքեր զուրկ են նման բաներից, իրենց առօրյան անցնում է մանկատան պատերի մեջ՝ տխուր ու միապաղաղ»,- ասաց նա ու հավելեց, որ «Երևան մոլը» կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասծաատվությունը և փորձում է տարվա ընթացքում առնվազն 2 անգամ նմանատիպ տոն կազմակերպել երեխաների համար։ ««Երևան մոլում» այժմ գործում է նաև մեկ այլ ակցիա՝ «Բարի տնակ», որի շրջանակներում մանկատան երեխաների համար հավաքագրվում է գումար, հագուստ, խաղալիքներ, կազմակերպվում է այց մանկատան երեխաներին»,- նշեց Շուշանը։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սոցիալական աշխատող Լիանա Մանվելյանը նշեց, որ իրենց մանկատան երեխաներն առաջին անգամ չեն զվարճանքի այս կենտրոնում։ Մանկատանը հաշվառված 110 երեխաներից այս անգամ ընտրվել են 30-ը։ «Ամեն անգամ ընտրում ենք տարբեր երեխաների։ Շնորհակալ ենք կազմակերպիչներին՝ երեխաներին ուրախ և հաճելի պահեր պարգևելու համար։ Օրը շատ լավ է անցնում, թե՛ երեխաները, թե՛ մենք շատ ոգևորված ենք, շնորհակալ ենք, որ մեր երեխաներն ուշադրության կենտրոնում են»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



