Tert.am-ը գրում է.

Մենք դեռ արդյունք չունենք, կարող ենք ողջունել ընդամենը տարվող ջանքերն այդ ուղղությամբ, իսկ թե արդյոք այդ ջանքերը հաջողություն կունենան, դա արդեն ժամանակը ցույց կտա. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը և համանախագահող երկրների համատեղ հայտարարությանը:

«Իհարկե, ողջունելի է, որ լուրջ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, նման հարցեր՝ մշտադիտարկման ամրապնդման, զինադադարի ամրապնդման, բարձրացվել են նաև առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից, և բնականաբար լավ է, որ այդ հարցերը փորձում են կարգավորել: Բայց մենք դեռ չգիտենք՝ կստացվի, թե չի ստացվի, ժամանակը ցույց կտա»«-ասաց նա:


Զուրաբյանը «պրիմիտիվ ռեակցիա է» համարում հայկական կողմի ոգևորությունն այս փուլում: «Որովհետև ամեն ինչ պետք է դատել արդյունքներով, իսկ արդյունքների համար մենք դեռ պետք է սպասենք»,-ասաց նա:


Հարցին, թե այս հայտարարությունն արդյո՞ք երաշխիք չի կարող լինել արդյունքների համար, Զուրաբյանը պատասխանեց. «Մի բան է հայտարարության հռչակումը որպես նպատակ, այլ բան է արդյունքը: Պետք է հասկանալ, հայտարարությանն ի՞նչ է հետևելու, իսկապես մենք կհասնե՞նք նրան, որ լուրջ մշտադիտարկում կտեղադրվի առաջնագծում, արդյո՞ք ԵԱՀԿ-ի լիազորությունն իսկապես այնքան կմեծացվի, որ կարողանա ամբողջ ռազմաճակատով ֆիքսել խախտումները և պարզի, թե ով է նախաձեռնողը: Այնուհետև ի՞նչ է հետևելու, արդյո՞ք հետևելու են խաղաղության հաստատման ինչ-որ պլաններ, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է երաշխավորել, թե կարող է ինչ-որ պահի ձախողվելուց հետո բերի հակառակ արդյունքի՝ նորից էսկալացիայի»:
Ըստ նրա՝ նման հարցերի մասին չի կարելի դատել ինչ-որ հանդիպման արդյունքում հայտարարված հռչակագրով, պետք է սպասել նախապայմաններին:

Իսկ թե կարելի՞ է ասել, որ լավ նախապայմաններ են բանակցություններ սկսելու համար, ՀԱԿ պատգամավորը ասաց, որ մի դեպքում, եթե իրագործվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել