Tert.am-ը գրում է.
Ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց հարձակվել: Tert.am-ի հետ զրույցում այս հարցադրումն արեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա չցանկացավ մտնել քաղաքագիտական տարբեր վերլուծությունների մեջ՝Թուրքիայի կամ Ռուսաստանի հրահրում, պարզապես նշեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը վստահ լիներ, որ հնարավոր չէ հասնել հաջողության, ոչ մի գործոն նրան չէր մղի արկածախնդրության:
«1994թ. կնքված հրադադարը, բ ոլորն էին գիտակցում, որ դեռ խաղաղություն չէ: Եվ պարզ էր, որ հատկապես 2000-ականներից Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի: Այդ էին վկայում նրանց կողմից ագրեսիվ հռետորաբանությունը, քնած հայ սպային կացնահարածին հերոսացնելը, ժամանակակից հարձակողական սպառազինություններ ձեռք բերելը, և այլն: Իսկ ի՞նչ էր կատարվում համեմատաբար խաղաղ շրջանի, բայց իրականում պերմանենտ պատերազմի մեջ գտնվող Հայաստանում: Գիտակցվո՞ւմ էր արդյոք, որ վաղ թե ուշ,եթե լիարժեք պատրաստ չլինենք, լայնատարած պատերազմն անխուսափելի էր»,-հարցրեց նա ու պատասխանեց՝ եթե գիտակցվում էր, ապա Ղարաբաղի հիմնահարցը պետք է խթան լիներ Հայաստանի տնտեսական զարգացման համար, այլ ոչ թե խոչընդոտ:
Որ, այո, հենց շրջափակման պայմաններում պետք է գտնվեին զարգացման ուղիները: Ավետիք Իշխանյանը համոզված է, որ դա հնարավոր էր անել:
«Արցախի հիմնահարցի մասին իշխանությունները մեզ հիշեցնում էին քաղաքական ճգնաժամերի, հատկապես ընտրությունների, այն է՝ իրենց իշխանությունը պահելու ժամանակ: Արդյո՞ք այս ամենն ապահովելու դեպքում հնարավոր չէր մեր սահմաններն ու Զինված ուժերն ապահովել ժամանակակից պաշտպանողական զենքերով, ոչ թե ութսունականների զենքերով»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա համար անհասկանալի է, երբ 25 տարվա պետականություն ունեցող երկրի ղեկավարներն ընդունում են, որ մենք մենակ ենք: Ավետիք Իշխանյանը հակադարձում է` ասելով, որ եթե դա ասում էր Արամ Մանուկյանը 1918թ, հասկանալի էր՝պետություն չունեցող, Ցեղասպանություն տեսած ժողովուրդ է:
Իրավապաշտպանի հաջորդ հարցը` ինչո՞ւ Հայաստանը, որպես պետություն, չունի դաշնակիցներ: Սա նրա համար հասկանալի է. «Այս տարիների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը, դեգերելով մեկ թուրքական արձանագրությունների մեջ՝ արդյունքում ևս 25 տարով երկարացրեց ռուսական բազայի պայմանագիրը, մեկ եվրոասոցացաման մեջ՝ ի վերջո հանգրվանեց անհասկանալի ԵՏՄ-ում՝ բացատրելով որպես մեր անվտանգության երաշխիք:Արդյունքում կորցրեցինք վստահությունն Արևմուտքում՝ հովանավոր գտնելով ի դեմս Ռուսաստանի: Հիմա էլ մոդայիկ է դառել ընդունել հակառուսական կեցվածք»:
Նա, նաև վերաարարձանագրելով, որ, այո, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, հարցնում է՝ իսկ արդյո՞ք ԵՏՄ անդամակցելուց առաջ այդ հարցը որպես նախապայման դրվել էր:



