Tert.am-ը գրում է.
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն այն համոզմանն է, որ Արցախի ճանաչումը կենսական հարց է, և այն օր առաջ՝ ապրիլի 4-ին կամ 5-ին պետք էր մտցնել օրակարգ և ճանաչել:
«Դա իրավիճակը կհստակեցնի, նախ Ադրբեջանը և մյուս միջնորդները կիմանան, որ Հայաստանն Արցախին Ադրբեջանի կազմում չի ընդունելու ցանկացած տարբերակում, Ադրբեջանն էլ իր անելիքը թող որոշի, իսկ միջնորդներն էլ թող իմանան, որ այդպես է լինելու և վերջ»,-ասաց Ստեփան Դանիելյանը:
Դիտարկմանը, թե քաղաքագիտական որոշ շրջանակներ պնդում են, որ այս պահին Արցախի ճանաչմամբ Արցախին վնաս կհասցվի, Ստեփան Դանիելյանը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է, որ հազարավոր մարդիկ կռվում, զոհվում են, իսկ դրանից հետո անկախությունը չեն ճանաչում՝ համարելով այն զենք զինանոցում: Այդտեղ տրամաբանություն չկա»։
Շարունակելով խոսքը՝ Ստեփան Դանիելյանն ասաց նաև հետևյալը. «Քաղաքականությունը մուտիլովկաներ չէ, իսկ Հայաստանում քաղաքականությունն ընկալվում է որպես մուտիլովկաներ: Ես հենց այդ բառն եմ օգտագործում, որովհետև այլ բառ չեմ գտնում: Վատն այն է, որ այդ մուտիլովկաները մտնում են արդեն արտաքին քաղաքականություն, իսկ դա չի հարգվում, որովհետև արտաքին քաղաքականության մեջ, իհարկե, լինում են տարբեր երևույթներ, բայց ոչ մուտիլովկաներ»:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախի ճանաչումը Հայաստանի վարկը և քաղաքական հնարավորությունը մի քանի անգամ կբարձրացներ:



