Aravot.am
-ը գրում է.

«Այս մանկանը կարգին մարդ դաստիարակեք, որ չհարձակվի մեր երկրի վրա, եթե ոչ, միեւնույն է, իմ երեխան կհասցնի նրա դեմ պայքարել ու հաղթանակ տանել»

Դուշման Վարդանը 90-ականներին Արցախ էր գնացել համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսից` ուսումը թողնելով։ Այսինքն թե՝ լեգենդար Դուշման Վարդանն այլ մեկը չէր, եթե ոչ մեր հայրենիքի վաղվա լուրջ մտավորականներից։ 

– Իմ պատերազմում մայրեր եւ երեխաներ չե՛ն սպանվելու,– հայտարարել էր նա։ Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում հիշատակվում են Վարդանի հերոսությունների, խղճի եւ հավատի դրսեւորումները: Գրքում նշվում է, որ երբ Խոջալուն գրավեցին, ձմեռ էր, հունվար ամիսը։ Ազերի մայրերն իրենց բարուրներով անտառ էին մտել։ Ցրտին եւ սովին չէին դիմանալու։ Վարդանը գնաց անտառ, որոնեց-գտավ նրանց, բերեց, սկսեց խնամել։ Նախ՝ երեխաների համար «խտացրած կաթ» ջրով բացեց, տաքացրեց, լցրեց շիշը, մի ծծակ գտավ, ամրացրեց եւ սկսեց կերակրել։

Ապա տաք ծածկոցը կտրեց ու բաժանեց մայրերին, որ իրենց սառած ոտքերը փաթաթեն։ Եվ հոգս էր անում, վշտանում թե` այս կանանց ոտքերը երեւի բժիշկները կտրեն, որովհետեւ արդեն ասես թե ցրտահարված լինեն։ Ընկերներն անգամ որոշ ժամանակ նեղացան Վարդանից, որովհետեւ սնունդը քիչ էր, ամենքին չէր հերիքում, իսկ Վարդանն իրենց հասանելիք սննդով կերակրում էր ազերի գերի մայրերին, թշնամիներին։ Ապա ավտոբուսով ամենքին էլ ճանապարհեց մինչեւ այնտեղ, որտեղից կարողանային անվտանգ անցնել յուրայինների մոտ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել