Tert.am-ը գրում է.
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը, թեև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց և դրական եզրակացություն չստացավ, այդուհանդերձ, հարց դրվեց ԱԺ քվեարկության օրակարգում ներառելու համար. 12 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ  քվեարկությամբ նախագիծը չընդունվեց:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մինչ այդ կրկին իր տեսակետը հայտնեց, որ ԼՂՀ-ն արդեն իսկ կայացած պետություն է, ինչը փաստ է, սակայն, ըստ նրա, դրա ժամանակը չէ: «Պետք չէ միակողմանի քայլեր անել՝ անհարմար վիճակում դնելով գործընկներին»,- ասաց նա: 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ասաց, թե հարցը բավական զգայուն է և հայրենասիրության մրցավազքի խնդիր դրված չէ: Ըստ նրա, եթե վստահություն լինի, որ ճանաչենք, ապա միջազգային ճանաչում կունենա, ՀՀ-ի ճանաչումը մեկ րոպեի խնդիր է, բայց  լայնամասշտաբ պատերազմ չհրահրելու համար ու  «մի վնասիր» սկզբունքով առաջնորդվելով՝ ԲՀԿ-ն քվեարկությանը չի մասնակցի:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու, չնայած նրան, որ շահարկման դաշտը բավական մեծ է: Նա դիմեց պատգամավորներին՝ հորդորելով հանել հարցը քվեարկությունից, քանի որ այն լուրջ մոտեցում է պահանջում:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ հայրենասիրության հարց չէ, չարժե սրեր ճոճել: «Չեմ կարծում, դահլիճում մարդ կա, որ կողմ չէ, եթե քվեարկություն եղավ կողմ կքվեարկեմ, բայց առաջարկում եմ ԱԺ-ում այս  հարցը չքննարկվի, շահարկումներից զերծ մնալու համար»,-ասաց նա:

Հեղինե Բիշարյանն ասաց, որ եթե չհետաձգվի՝ ՕԵԿ-ը չի մասնակցի քվեարկությանը:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ի սկզբանե իրենք պաշտպանել են ԼՂՀ ինքնորոշումը. «Բայց այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ կողմ քվեարկելը ոչ թե խանգարում է միջազգային ճանաչմանը, այլ նպաստում է դրան: Քանի որ այս պահին վստահ չենք, որ այդ քայլով կնպաստենք,ուստի հակառակ արդյունք չտալու համար մենք նույնպես չենք մասնակցի այս քվեարկությանը»: 

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց  տեսակետները նույնն են: «Միշտ նման նախաձեռնություններին կողմ ենք քվեարկել՝ պարզ ասելով, որ չենք կարող դեմ քվեարկել, բայց դա պետք է կատարվի միասնական, պետք է բանակցողները հստակ ասեն, թե երբ է պահը, դա մեր զինանոցում պետք է ունենանք»,- ասաց նա:

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն ասաց, որ դեմ է, որ հարցը քվեարկության դրվի, քանի որ այն  հարված կլինի մեր երկրին՝ միջազգային հանրության առաջ: «Իմ խնդրանքն է գալ կոնսենսուսի, հետաձգենք, ավելորդ քննարկումների տեղիք չտալու համար»,- ասաց նա:

Նախագծի հեղինակ Բագրատյանն ասաց, որ  վիճակի փոփոխություն կա և արժի այդ մասին մտածել: «Այսօր դուք ընդամենը քվեարկում եք օրակարգ մտնի, թե՝ ոչ: Առաջարկում եմ ընդամենը կողմ քվեարկենք, որ մտնի օրակարգ։ Հորդորում եմ, ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, քննարկենք, հասկանանք»,- ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ բնականաբար, ինքը կողմ կքվեարկի, բայց սրա արդյունքում հնարավոր է ԼՂՀ-ի դեմ կրկնակի ագրեսիա սկսվի: 

Փոստանջյանի խոսքով՝ լայնածավալ պատերազմական գործողություններ, այսպես թե այնպես,  տեղի ունենում են: «Ճանաչենք կամ չճանաչեք, դրանով պատերազմական լայնածավալ գործողություները չենք կանխելու»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանն առաջարկեց Հայ-թուրքական  արձանագրությունների նման մեծ օրակարգում հարցը պահել  և ըստ բանակցությունների ընթացակարգի օգտագործել:

ԱՆ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ բոլորի նպատակն  է ԼՂՀ ճանաչումը, սակայն նա հորդորեց ձեռնպահ մնալ այս պահին և քաղաքական զարգացումներին հետևել: «Երբ պատեհ պահը գա, համոզված եմ, որ քննարկման կդրվի և ոչ միայն ՀՀ-ն, այլև միջազգային հանրությունը կճանաչի»,- ասաց նա և հայտարարեց, թե ՀՀԿ-ն չի մասնակցի այս քվեարկությանը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել