Շնորհավորում ենք...
Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրն է: 1947թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1950թ.-ից հաստատվել է Երևանում: 1956-60թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1960-65թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: Հեղինակել է բազմաթիվ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Եղել է տարածաշրջանի ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարները ներմուծել է Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և այլն: Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ. և 1968թ.) և ՀԽՍՀ Պետական մրցանակի (1981թ. և 1985թ.): 1984թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1990թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992-95թթ. եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: 1993թ. նրան շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, 1996թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2004թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններ: 2006թ. դարձել է ՀՀ «Վահան Թեքեյան» մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր: