«Կարևորը այն կատարումն է, որը չի մոռացվում, առաջին օրվանից շատ տարբերվում էինք ամեն ինչով, արեցինք լավագույնը՝ Հայաստանի անունը բարձր պահելու համար»,- իր տպավորություններով կիսվում է երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այսօր վերադարձավ Հայաստան:
Հիշեցնենք՝ Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249 էին ու հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին երգչուհին ներկայացավ “LoveWave”մրցութային երգով: Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը: Երգի հիմքում երգչուհու ապրումներն ու զգացմունքներն են: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը:



