Աշխարհի ամենամեծ՝ Harmony of the seas զբոսանավը կիրակի, մոտավորապես ժամը 14.35-ին լքել է ֆրանսիական Սեն-Նազեր քաղաքի նավահանգիստը և սկսել իր առաջին, երկար ծովագնացությունը՝ հայտնում է Frans Press գործակալությունը:

Նավը ուղղություն է վերցրել դեպի Մեծ Բրիտանիայի հարավային Սաութհեմփթոն նավահանգիստ, որտեղ նավ կբարձրանան առաջին ուղևորները: Այնուհետև նավը կուղևորվի Բարսելոն, որտեղից կսկսվի նրա առաջին շրջագայությունը Միջերկրական ծովով:

Harmony of the seas-ի լայնությունը 66 մ է, երկարությունը՝ 362 մ: Նավում կարող են տեղավորվել 6,4 հազար ուղևոր և ավելի քան 2 հազար մարդ անձնակազմից:

Զբոսանավն ունի սահադաշտ, խաղատուն, 1,4 հազար նստելատեղ ունեցող թատրոն, մարզադահլիճներ, բասկետբոլի դաշտ, ջրային բլրակներ և այլ ատրակցիոններ ու այգի՝ 12 հազար տարբեր բույսերով: Զվարճանքներով լի օրվա վերջում ուղևորները կարող են ճաշել 30 սրճարաններից ցանկացածում, այդ թվում և Bionic bar-ում, որտեղ մատուցողներին փոխարինում են ռոբոտները:

Նավի կառուցումը տևել է 2,5 տարի և արժեցել մոտ 1 միլիարդ եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել