2016 թվականի ապրիլը ամենաշոգն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում՝ ասված է NASA-ի հաշվետվության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Մինչ այժմ 2016 թվականը եղել է անոմալ տաք. արդեն վեց ամիս շարունակ գրանցվում է 1951-1980 թվականների միջին ցուցանիշից ավելի քան 1% շեղում: Գիտնականների կանխատեսումներով՝ ջերմաստիճանի բարձրացման միտումը պահպանվում է:

«Դա վախեցնում է: Ես չգիտեմ՝ ինչ տեղի կունենա հետագայում: Մենք հասկացել ենք, որ Էլ-Նինյոն (Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերևույթի ջերմաստիճանի տատանումը, որն ազդում է կլիմայի վրա) ազդում է իրավիճակի վրա, սակայն հազիվ թե ինչ-որ մեկը սպասեր նման թռիչքի»,- բրիտանական The Independent-ին ասել է օդերևութաբան Էրիկ Հոլթհաուսը:

Հոլթհաուսի խոսքով՝ վերջին տարում գլոբալ ջերմաստիճանը 1880-ականներից սկսած ընդհանուր աճի նկատմամբ ավելացել է 25%-ով: Դա նկատելիորեն ազդում է շրջակա միջավայրի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել