Ամերիկյան ռազմաօդային ուժերի բյուջեի անընդհատ կրճատումները հանգեցրել են արհեստավարժ անձնակազմի և տեխնիկայի սուր պակասի, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` ներկայումս ԱՄՆ ռազմաօդային ուժերում կա նվազագույնը 700 օդաչուի, ինչպես նաև ինքնաթիռները անհրաժեշտ վիճակում պահելու ընդունակ 4 հազար ավիացիոն մասնագետների կարիք:
Միջոցների բացակայությունը այնպես խիստ է զգացվում, որ որոշ ռազմաօդային բազաների աշխատակիցներ ստիպված են պահեստամասեր խնդրել ինքնաթիռների «գերեզմանոցից»` արդեն դուրս գրված մեքենաներից կամ ավիացիայի թանգարանից:
Ամերիկյան ինքնաթիռների միջին տարիքը 27 է: Պարսից ծոցի պատերազմի ավարտից հետո ԱՄՆ ռազմաօդային ուժերի անձնակազմի թվաքանակը կրճատվել է 30%-ով, ինքնաթիռների քանակը` 40%-ով, իսկ կործանիչների էսկադրիլիան` 60%-ով:
«Վերջին 10 տարում մենք երկու անգամ կրճատել ենք ռազմաօդային ուժերի ծրագրի ֆինանսավորումը»,- հայտարարել է ավիացիայի կապիտան Էլիզաբեթ Ջարդինգը:



