Tert.am-ը գրում է.
«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ Իրանն ավելի շատ է շահագրգռված տարածաշրջանում խաղաղությամ հաստատմամբ ու ամրապնդմամբ:
«Իրանի հիմնական նպատակն է խաղաղության ամրապնդումը և երաշխիքների ստեղծումը: Իրանը լինելով անմիջական սահմանակից, ամենաշատն է շահագրգիռ, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի, քանի որ իր համար անվտանգության խնդիր է»,- ասաց նա:
Կարեն Մկրտչյանը նշեց, որ Իրանի համար շատ կարևոր է, թե Ադրբեջանն ինչ զինատեսակներով էր հարձակվում ապրիլյան պատերազմի օրերին և Հայաստանն ինչ զինատեսակներով էր պաշտպանվում։
«Եթե համեմատության եզրեր ենք անցկացնում Թուրքիայի հետ, ապա ի տարբերություն Իրանի, նա հրահրում է պատերազմ, փորձում է ինտրիգներ ստեղծել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Իրանը տարածաշրջանում կառուցողական դիրքերից է հանդես գալիս։
Ինչ վերաբերում է հնարավոր լարվածության դեպքում Իրանի գործողություններին, իրանագետն ասաց, որ նույնիսկ դրական չեզոքությունը շատ կարևոր է:
«Իսլամական աշխարհում դժվար է հստակ սահմաններ գծել, մենք պետք է ըմբռնումով մոտենանք և մեզ համար գնահատելի պետք է լինի նույնիսկ Իրանի դրական չեզոքությունը»,-հավելեց նա:



