Tert.am-ը գրում է.

Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, քանի որ այսօրվանից սկսած Հայաստան ներթափանցում են արևադարձային տաք օդային զանգվածներ. Tert.am-ի ասաց ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա, ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի կիրակի օրը: «Լեռնային մարզրերում ցերեկը այն կհասնի +20...+22, նախալեռնային գոտիներում +26...+29, հովտային գոտում +30...+32, իսկ մայիսի 16-18-ին օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում: Երևանում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի +13…+15, ցերեկը +28…+30 աստիճանի սահմաններում»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ չնայած բավականին տաք եղանակին անակայուն եղանակային ռեժիմը առաջիկա հինգ օրերին հանրապետությունում պահպանվելու է: Ըստ նրա՝ հիմնականում երեկոյան ժամերին և հատկապես հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում  և Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ մնացած մարզերում այդ թվում և Երևանում երեկոյան սպասվող անձրևները կլինեն կարճատև և ոչ համատարած, այսինքն Երևանի մի հատվածում կարող է անձրև լինել, իսկ մյուս հատվածում ոչ։

«Նաև ուզում եմ նշել, որ առանձին հատվածներում բավականին մեծ է կարկտի հավանականությունը: Սպասվող անձրևները միայն դրական ազդեցություն են թողնում բոլոր առումներով, այն տարիներին երբ մայիսից նկատվում է անձրևների դադար առաջանում է չոռոգվող հողատարծքների և արոտավայրերի չորացում, որը ցանկալի երևույթ չէ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել