Հուդայի մեկնելուց հետո Հիսուսն ասաց.
-Այժմ փառավորվեց Մարդու Որդին, և Աստված փառավորվեց նրանով։ Եվ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով, և շուտով կփառավորվի նրանով։ Որդյակնե՛ր, մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ. պիտի փնտրեք ինձ։ Եվ ինչպես որ ասացի հրեա ղեկավարներին, այժմ ձեզ էլ եմ ասում. «Այնտեղ, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։
-Տե՛ր, ո՞ւր ես գնում,-հարցրեց Սիմոն Պետրոսը։
Հիսուսը պատասխանեց.
-Այնտեղ, ուր ես եմ գնում, դու այժմ չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից։
Պետրոսն ասաց.
-Տե՛ր, ինչո՞ւ հիմա չեմ կարող գալ քո հետևից։ Ես իմ կյանքն անգամ կզոհեմ քեզ համար։
Հիսուսը պատասխանեց.
-Դու կյա՞նքդ կզոհես ինձ համար։ Լա՛վ իմացիր, աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ ուրացած կլինես ինձ։
Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին.
-Թող չխռովվեն ձեր սրտերը։ Հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք նաև ինձ։ Իմ Հոր տան մեջ շատ տեղ կա, եթե այդպես չլիներ, չէի ասի ձեզ, թե գնում եմ և ձեզ համար տեղ կպատրաստեմ։ Եվ երբ գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, որտեղ ես եմ գտնվում, դուք ևս լինեք այնտեղ։ Եվ դուք գիտեք, թե ուր եմ գնում, գիտեք նաև դրա ճանապարհը։
Թովմասն ասաց.
-Տե՛ր, չգիտենք՝ ուր ես գնում. արդ, ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը։
Հիսուսը պատասխանեց նրան.
-Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ինձնով միայն կարելի է գնալ իմ Հոր մոտ։ Եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք նաև իմ Հորը. այժմվանից իսկ դուք գիտեք նրան և տեսել եք նրան։
Փիլիպպոսն ասաց.
-Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա բավական է մեզ։
Հիսուսը պատասխանեց.
-Այսքան ժամանակ ձեզ հետ եմ և դեռ չճանաչեցի՞ր ինձ, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, տեսած եղավ Հորը. էլ ինչպե՞ս ես ասում՝ «Ցո՛ւյց տուր մեզ Հորը»։ Չե՞ս հավատում, որ ես իմ Հոր մեջ եմ, և Հայրս՝ իմ մեջ։ Այս խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ ասում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, իմ միջոցով է կատարում իր գործերը։ Հավատացե՛ք ինձ, որ ես իմ Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ. եթե ոչ իմ խոսքերի, գոնե իմ կատարած գործերի համար հավատացե՛ք ինձ։ Լա՛վ իմացեք, ով որ հավատում է ինձ, ինքն էլ կկատարի այն գործերը, որ ես եմ անում, և դրանից ավելին էլ կկատարի, որովհետև ես գնում եմ իմ Հոր մոտ։ Եվ ինչ որ խնդրեք իմ անունով, կկատարեմ այն, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։
(Հովհաննեսի ավետարան 13:31-14:13)