«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախագահ Ժիրայր Սեֆիլյանը նախօրեին աղմկահարույց հայտարարությամբ կրկին խախտել Է ՊՆ-ի անդորրը։ Սեֆիլյանը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հյուսիսարևելյան հատվածում 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ Է ունեցել։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Էլ կեսբերան հերքել Է։ Երեկ միավորումը կրկին հայտարարություն Է տարածել՝ վերահաստատելով Թալիշում կորցրած տարածքների մասին իրենց հայտարարությունը՝ դրան կցելով նաև մի տեսանյութ, որտեղ, ըստ իրենց, պարզ երևում Է պատկերը։ Տեսանյութում ասվում Է նաև, որ հակառակորդի վերցրած դիրքերը ստրատեգիական նշանակության են, քանի որ բարձրադիր մի դիրքի գրավումով Թալիշ գյուղը և հարակից շրջաններն ընկել Է հակառակորդի անմիջական նշանառության տակ։ Թալիշի գյուղապետ Վահե Պետրոսյանը երեկ չհերքեց այս տեղեկությունը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ավերածություններից հետո գյուղը դեռևս չի վերաբնակեցվել, հայտնի էլ չէ, թե երբ դա տեղի կունենա։


-  Պարոն Պետրոպան, Թալիշը վերադարձե՞լ է բնականոն կյանքի, բնակիչները վերադարձե՞լ են իրենց տները։

 

-  Ձեր կարծիքով, որտե՞ղ պիտի վերադառնան։ Ինչի ամեն ինչ կարգավորվել է, մնացել է վերադառնալը։ Բնակչությունը դրսում է, Թալիշում մարդ չի ապրում, ու ճիշտ էլ չէ մարդ տանել այնտեղ, ինչի մասին է խոսքը։


-  Իսկ ինչո՞ւ չեն վերադառնում, չէ որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց։


-  Իհարկե, գյուղը կրակահերթի տակ չէ, ցերեկվա ժամերին՝ առավել ևս, փոխհրաձգություն լինում է գիշերվա ժամերին, մեծ տրամաչափի զենքերից չեն կրակում, բայց դա չի նշանակում, որ պետք է խաղաղ բնակիչ տանել գյուղ։ Աստված հեռու պահի, իսկ եթե նույն պատահականությամբ, նույն ուժգնությամբ ու մի բան էլ ավել նորից լինի, ես համոզված եմ, որ, Աստված ոչ արասցե, եթե նորից սկսվի, մի քանի անգամ ավելի ուժգին է լինելու։


- Նորից վերսկսվելու հավանականությունը մե՞ծ է։


-  Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։


-  Իսկ ավերված բնակարանները վերականգնելու, ընդհանրապես՝ գյուղը վերականգնելու աշխատանքներ տարվո՞ւմ Են։


-   Գիտեք, եթե պայմանական, ասենք, ունենք մի 40 տուն ավերված և ունենք ևս մի 100 տուն, որ ավերված չէ, բայց այդ հարյուր տանը, բնականաբար, այսօր ապրող չկա, ի՞նչ կարծիքի եք, իմաստ ունի՞ այդ 40 տունն այսօր դնենք վերականգնենք։ Դա իմաստ կունենար, եթե այդ 100 տանն ապրողները նորմալ ապրեին, իսկ մյուսներն էլ մնացած լինեին բաց երկնքի տակ։ Դեռ շուտ է նման բան անելը։

-    Տեղեկություններ կան, որ հակառակորդի գրաված դիրքերը, հենակետերն այնպիսի նշանակություն ունեն, բարձրադիր դիրքեր են, որտեղից հիմա նշանառության տակ են պահում Թալիշ գյուղը։

-   էդ ասածի մեջ էլ ճշտություն կա։ Ամեն դեպքում, իրենց դիրքերն իշխող դիրքեր են, որոշ մասերում իշխող դիրքեր են գյուղի վրա։

-  Նախկինում այդպես չէ՞ր։

-   Այո, նախկինում այդպես չէր, հիմա այդպես է։ Դա էլ մի նախապայման է, որ իմաստ չունի Ձեր ասածն իրականացնել (նկատի ունի բնակարանների վերակառուցումը)։

- Իսկ մեր զիջած դիրքերը որքան տարածք են կազմում։


-  Ես համայնքի ղեկավար եմ և նման տվյալներ իրավասու չեմ տալու։


-  Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ 7 մլն. քառակուսի մետր տարածքային կորուստ ենք ունեցել։

-  Դա չափազանցված է։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել