Tert.am-ը գրում է.
Երևանի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մեկնարկել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության բողոքի ակցիա-երթը։
Նախաձեռնության մասնակիցները պահանջում են պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով:
Նախաձեռնության անդամները նաև այլ պահանջներով են հանդես եկել։ Մասնավորապես, նրանք պահանջում են աշխատանքից ազատել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ Գլխավոր Շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ «իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի», ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ազատել իր զբաղեցրած նշանակովի բոլոր պաշտոններից
Ակցիայի մասնակիցներն այս մասին հայտարարություն են տարածել ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև նշում են, որ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պետք է պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտ, իսկ Հայաստանի 100 օլիգարխներին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 10-ական մլն դոլարի չափով գումար։
Իսկ Արցախի հարցում նրանք պահանջում են ձեռնպահ մնալ Արցախի հարցի կարգավորման որևէ փաստաթուղթ ստորագրելուց, պահպահել ստատուս քվոն, բացառել տարածքային որևէ զիջումները և խաղաղապահների մուտք Արցախ կամ հարակից տարածքներ:



