Tert.am-ը գրում է.
Այսօր «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նախ կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունենում կառավարություն-քաղաքացիական հասարակության համագործակցության շրջանակներում:
 
«Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը տալիս է և դեռ լուրջ պոտենցիալ ունի՝ տալու իր արդյունքները: Վերջին տարում բավական քայլեր են իրականացվել և որոշակի առաջընթաց է արձանագրվել»,-ասաց նա և նշեց, որ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հակակոռուպցիան քաղաքականության ռազմավարությունն է հաստատվել:
 
«Բարձրաստիճան անձանց նկատմամբ քրեական և վարչական պատասխանատվության սահմանման օրինագիծը մշակվել է և ներկայացվել կառավարությանը։ Կարծում եմ, որ հաջորդ այն շաբաթ հավանության կարժանանա»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է  եկամուտների հայտարարագիր չներկայացնելուն, կամ թերի ներկայացնելուն, կամ կեղծելու համար պատասխանատվությանը:
 
«Այս քայլերը բավակա՞ն են, կամ գոհացնո՞ւմ են մեզ, իհարկե՝ ոչ։ Արդյունքներ ունե՞նք արձանագրված, կարող եմ միանշանակ ասել՝ այո: Այդ արդյունքներն արագ արդյունավետություն ապահովո՞ղ են։ Բոլորի մասին այդպես չէի ասի։ Կարծում եմ, որ մենք այսօր քայլեր ենք իրականացնում, որոնք դանդաղ արդյունք են տալիս, ինչն օբյեկտիվ է: Բազմաթիվ քայլեր, ծրագրեր ունենք իրականացնելու, և այս առումով մեր կամքն անսասան  է»,-ասաց նա:
 
Անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված, նա հղում կատարեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետ փորձին և նշեց, որ եթե կան գաղափարներ, պատրաստ են դրանք քննարկել ցանկացած գործընկերոջ հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել