ԴՈՒ ԻՆՁ ՕԳՆԵՑԻՐ ԿԱՅԱՆԱԼ, ԵՐԲ ԵՍ ԳՏՆՎՈՒՄ ԷԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ, ԼՐԻՎ ՀՈՒՍԱԽԱԲ ՎԻՃԱԿՈՒՄ, ԵՐԲ ԿՅԱՆՔՆ ԱՆԽՆԱ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԷՐ ԻՆՁ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ես, ինչպես իմ հասակակից շատերը, կյանքով լցված պատանի էի, ամեն ինչին նայում էի թեթև, ունեի հրաշալի ընտանիք, սովորում էի բուհում, երբ սեփական մեքենա էլ ունեցա, ինձ թվում էր՝ աշխարհում ինձանից երջանիկ մարդ չկա: Ծառայությունից հետո տեղավորվեցի մի ընկերությունում որպես շուկայագետ, առաջին օգուտը հենց այս տարիներին տվեցիր ինձ, քո միջոցով մտնում էի գերմանական նմանատիպ արտադրանք արտադրող ընկերությունների կայքեր, սովորում էի նրանց կողմից կատարվող ռազմավարական քայլերին և կիրառում մեր ընկերությունում, արդյունքն ակնհայտ էր 2006 թվականին աշխատավարձս 160000-ից հասավ 250000 դրամ: Թվում էր՝ ամեն ինչ կատարյալ է, հրաշալի, բայց 2008 թվականին անսպասելի սրտի կաթվածից մահացավ հայրս: Ահավոր ծանր տարա: Ամեն ինչ մոտս գլխնիվայր շրջվեց: Տրամադրություն չունեի, ընկավ աշխատանքային արդյունավետությունս և չէի կարողանում կենտրանանալ, առաջին 2 շաբաթում վաճառքի ծավալներն իջան: Հասկանում էի, որ այդպես չի կարելի և նորից ինձ սկսեցի տրամադրել աշխատանքին, և մի օր մեծ վաճառք ապահովելով՝ ոգևորված ժամանակից շուտ գնացի օֆիս, մտա տնօրենի սենյակ, որ թղթերս տամ: Թղթերս տվեցի, սկսեցի զրուցել հետը, և այդ պահին մեկը ներս մտավ, ասաց, որ աշխատանքի տեղավորվելու համար է եկել, իրեն կանչել եք, տնօրենն հարցրեց՝ որ գործի, նա տվեց իմ պաշտոնի անունը: Այդ օրվանից հասկացա, որ ոչ մեկի մոտ այսուհետ չեմ աշխատելու: Տեղում դիմում գրեցի, դուրս եկա, իհարկե տնօրենն էլ անընդհատ շեշտում էր, որ թյուրիմացություն է եղել: Գործից դուրս գալով՝ պարտքով գնեցի մի քանդված կիսասարք գազել, սկսեցի առաքիչմամբ զբաղվել, էստեղից վերցնում էի ապառիկ հավի բուդ, այն էլ երկրորդ ձեռից, Սամվել Ալեքսանյանը ոչ ոքի ապառիկ չի տալիս, հասցնում էի Նոեմբերյան, Բերդ, Վարդենիս և ամեն երթուղուց աշխատում էի 10000 դրամ: Հետո անսպասելիորեն մահացավ տատս: Դրանից 1 տարի անց քրոջս մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Այստեղ նորից քո օգնությամբ իմացա, որ բուժման միակ տարբերակը Գերմանիայում է, հապճեպ ամեն ինչ արեցինք, շուտ ուղարկեցինք այդ երկիրը, սակայն ............. օրգանիզմը չդիմացավ քիմիաթերապիային: Շուրջս դատարկություն էր, ես հուսահատ արդեն պարքերի տակ թաղված, միակ բանը, որ մտածում էի՝ գոնե պարտքերց պրծնեմ, որ մորս չանհանգստացնեն: Որոշեցի գյուղացիներից հացահատիկային կուլտուրաներ հավաքեմ, տամ խոշոր օֆիսներին, բայց որ օֆիս մտա, տեսնելով տարիքս, չուզեցին անգամ զրուցել հետս: Էլի դիմեցի քո օգնոթյանը, իրենց mailin նամակներ գրեցի, որ ունեմ նման ապրանքներ և առաջարկեցի շատ էժան գնով (իմ մոտ ինքնարժեքը ցածր էր, քանի որ չունեի ո՛չ առաքիչ, ո՛չ բանվոր, ո՛չ վարորդ, բոլորը ես էի), իմ շահույթն ընդամենը 1կգի մեջ 10 դրամ էր: Դե բնականաբար մեծ մասը համաձայնվեց: Որոշ ժամանակ աշխատելոց հետո սկսեցին ինձ հարգել, վստահել, և իմ վաճառքն աննախադեպ սկսեց աճել: Հետո նորից դիմեցի քո օգնությանը, քո միջոցով գրանցվեցի միջազգային բորսաներից մեկում և 2012-ին կատարեցի կյանքիս մեջ առաջին արտահանումը: Հիմա ինձ զգում եմ ֆինանսապես կայուն մարդ և փորձում եմ քո միջոցով ընդլայնել գործս. չունեմ պարքեր, արդեն ինձ են շատ-շատերը պարտք: Դու նման ես Էլեկտրական հոսանքի. եթե կարողանան ճիշտ օգտագործել քեզ, իրենց կյանքը շատ կհեշտացնես, կօգնես, եթե չիմանան տարրական անվտանգության կանոնները, կա՛մ կվնասվեն, կա՛մ կկործանվեն՝ ինչպես էլեկտրահարության ժամանակ: Ինչպես քեզանից, այնպես էլ հոսանքից շատերն են վախենում, բայց նաև հասկանում են 21-րդ դարում առանց ձեզ հնարավոր չէ հեշտ և բարեկեցիկ կյանք ունենալ: Ինչ վերաբերում է խաղարկվող կոշիկներին, եթե շահեմ, դրա ամբողջ արժեքով բարեգործություն կանեմ, ինձ պետք չէ, ես ինձ հիմա ուժեղ մարդ եմ զգում, իսկ ուժեղները պիտի ավելի շատ տան, քան վերցնեն: Քիչ էր մնում մոռանայի. ինչ վերաբերում է ինձանից վերցնելուն, ոնց մտածում եմ երևի ոչ մի բան: Կամ լավ, մի բան պատկերացնեմ. եթե դու չլինեիր, հնարավոր է ազատ ժամանակ ռեալ շատ շփվեի մարդկանց հետ, գուցե սիրահարվեի, ամուսնանայի: Չնայած չէ, սիրահարվողը հաստատ քո միջոցով էլ կսիրահարվեր:
Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ:



