Հինգշաբթի Փարիզում անցկացվում է այս շաբաթ երկրի վարչապետ Մանուել Վալսի կողմից խորհրդարանով «անցկացրած» աշխատանքային օրենսդրության բարեփոխման հակառակորդների երթ: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մի քանի հարյուր մարդ մասնակցել է ցույցին Դանֆեր-Ռոշրո հրապարակում, հետո ոտքով գնացել է դեպի Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ 16.00-ին (մեր ժամանակով՝ 18.00) պետք է անցկացվի կառավարությանը անվստահության քվեարկություն:
Ներկայումս չի հաղորդվում ակցիայի ընթացքում որևէ անկարգության մասին: Ցույցի ընթացքում կարգի պահպանման համար ուղարկվել են ոստիկաններ, որոնք նաև ստուգում են քաղաքացիների պայուսակները:
Վերջին երկու ամիսներին աշխատանքային բարեփոխման նախագծի քննարկման պատճառով Ֆրանսիայում պարբերաբար տեղի են ունենում երիտասարդների և աշխատողների զանգվածային ցույցեր, որոնք հաճախ ավարտվում են անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով: Բարեփոխումը պետք է նպաստի Ֆրանսիայում աշխատատեղերի ստեղծմանը, սակայն հնարավորություն է տալիս ավելացնել աշխատանքային օրվա տևողությունը և պարզեցնում է աշխատողներին հեռացնելու գործընթացը, չի աջակցում ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխող Սոցկուսակցության պատգամավորների «ֆրոնդան»:
Ֆրանսիայի Սահմանադրության 49.3 կետի համաձայն՝ վարչապետը, վստահ լինելով օրենքի ընդունման անհրաժեշտության հարցում, իր իշխանությամբ և իր պատասխանատվության ներքո տեքստը խորհրդարանով անցկացնում է առանց քվեարկության: Սակայն այդ դեպքում խորհրդարանը, 49.2 կետի համաձայն, իրավունք ունի քննարկման դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: