Ամիսներ առաջ «Ucom»-ի ցանցում գործարկվեց «Արմենիայի» 6 նոր ալիքները, որոնցից մեկը՝ «Հայ կինոն», ստեղծված էր հայկական կինոյի տարածման համար, քանի որ հեռուստատեսությունը քիչ է ցուցադրում հայկական ֆիլմերը։
Պիտի նշեմ, որ մեծ ակնկալիքներ, հետո արդեն՝ դժգոհություն ունեի այս ալիքից, քանի որ ավելի շատ հայկական սերիալներ ու թարմ ֆիլմեր էր ցուցադրում։ Վերջերս հին հայկական ֆիլմերը նկատելիորեն շատացել են եթերացանկում ու հաճախ հենց այս ալիքն եմ նախընտրում, քանի որ մեր հայկական հին ֆիլմերն իրոք շատ համով-հոտով են, դերասաններն էլ՝ մեկը մեկից լավը։
Իմացա, որ «Արմենիան» գնել է Ազգային կինոկենտրոնի և «Հայֆիլմի» ամբողջ արխիվի ցուցադրության իրավունքը ու հայկական բոլոր ֆիլմերը ցուցադրելու է։ Ավելին, «Հայ կինոն» ցուցադրելու է ոչ միայն այն ֆիլմերը, որոնք մենք արդեն տեսել ենք ու շատ սիրում ենք, այլև նրանք, որոնք այնքան էլ լայն տարածում չեն ունեցել։ Վավերագրական, գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր. մի խոսքով՝ «Հայ կինոն» հավակնում է դառնալ հայկական ալիքների ֆավորիտներից մեկը։



