Tert.am-ը գրում է.
Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է. դա գրանցել են նաև միջազգային կառույցները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մենք ամենօրյա հսկողություն ենք իրականացնում կրիտիկական բոլոր դեպքերի հետ կապված»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի՝ կրիտիկական ասելով. «Եթե ծննդաբերությունը չի ավարտվել մահով, դա չի նշանակում, որ մենք չպետք է խորը ուսումնասիրություն իրականացնենք: Սա մայրական մահացության ցուցանիշի կրճատման լավագույն մեթոդներից մեկն է, որը խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը»:
Նախարարն ասաց, որ այդ գործիքն աշխատեց Հայաստանում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրության համար ստեղծում են հանձնաժողով:
«Եթե քրեական գործ է հարուցվում, ապա բոլոր նյութերը տրամադրում ենք իրավապահ մարմիններին: Մեր մասնագետները շատ արհեստավարժ են, շատ հետևողական և ամենակարևորը՝ անաչառ: Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք փոքր երկրում և բոլորն իրար ճանաչում են, արհեստավարժության սկզբունքները պետք է դնել ավելի բարձր: Մայրական մահացության ցուցանիշը, առհասարակ, բնութագրում է յուրաքանչյուր երկրի հասարակության զարգացման աստիճանը: Հայաստանում այդ ցուցանիշը վերջին տարիներին սկսել է նվազել»,- նկատեց Արմեն Մուրադյանը:



