Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հալեպը վերածվել է հերթական ուրվական-քաղաքի:
«Հալեպի վրա Բաշար Ասադի վարչակարգի ուժերի զանգվածային հարձակումները հանգեցրել են հումանիտար մասշտաբային ճգնաժամի: Սիրիական վարչակարգն ինտենսիվացրել է Հալեպի վրա հարձակումները:
Ասադի զորքերը հարվածում են դպրոցներին, հացի փռերին, հիվանդանոցներին ու ճանապարհներին: Դա ռուսական մարտավարության տիպիկ դրսևորում է: Ռմբակոծությունների են ենթարկվում ոչ միայն նրանք, որոնք մասնակցում են ռազմական գործողություններին, այլև խաղաղ ընտանիքները, տներն ու քաղաքները:
Հալեպը վերածվել է հերթական ուրվական-քաղաքի: Հալեպի անկումն ավելին է, քան պարզապես մեկ քաղաքի անկում: Եթե Հալեպն ընկնի, կմարի նաև Սիրիայի ժողովրդի վերջին հույսը՝ կապված խաղաղ, ազատ ու արժանի կյանք ունենալու հետ, իսկ Ասադի վարչակարգին բաժին կընկնի միայն երկչոտ հաղթանակ»,- ասել է նա: