Armenpress.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» մրցույթի ռուսական ժյուրիի անդամ Անաստասիա Ստոցկայան ներողություն է խնդրել Հայաստանից և Նիդեռլանդներից` երկրների եվրատեսիլյան պատվիրակների ելույթները մեկնաբանելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երգչուհին գրել է ինստագրամյան իր էջում:

«Եվրոպական հեռարձակողների միությունը ճանաչել է իմ հեռարձակումը ժյուրիի գաղտնի քվեարկության կարգի խախտում: Ես չեմ ցավում, որ ինձ հանել են ժյուրիի կազմից: Նման որոշումն այս իրավիճակում ամենաճիշտն էր: Ես չպետք է տեսանյութ նկարահանեի և սոցիալական ցանցում տեղադրեի ժյուրիի կոլեգիայի գործողությունները: Ներեցեք ինձ՝ չմտածված քայլի համար»,-նշել է նա:

Ստոցկայան հավելել է, որ, իր կարծիքով, մրցույթի ռուսաստանյան մասնակից Սերգեյ Լազարևը միանշանակ ֆավորիտ է: Նա նաև խնդրել է վիրավորանքներ չգրել իր նկարների մեկնաբանություններում առաջարկել է փակել այդ թեման:

«ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում Ստոցկայան նշել է, որ «հիմարություն է արել»: Նրա խոսքով` ինքն անհանգստացել է, որ իր գործողությունների հետևանքով Լազարևը կարող էր որակազրկվել:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Periscope կայքում Ստոցկայան մեկնաբանել է Նիդեռլանդների և Հայաստանի ներկայացուցիչների ելույթները։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի ելույթը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ամուսինս հայ է, ես սատարում եմ հայերին»։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը ներկայացնում է երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան ներկայանում է LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթն անցկացվում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ-2016»-ին մասնակցում են 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել