Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համամիտ չէ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքի հետ, թե «միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է ու ամեն մի քոսոտ երկիր», ինչպիսին Հայաստանն է, չի կարող մտնել այդտեղ:


«Խորենացու տողերով ասեմ՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, և մեր երկրում էլ միշտ կատարվել ու կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Մկրտչյանը:


Վերջինս նշեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը հավանաբար նկատի է ունեցել այն, որ ներկա պայմաններում աշխարհում զենք են արտադրում գերտերությունները, իսկ փոքր պետությունների համար դժվար է զենքի, զինատեսակի ամբողջական ցիկլ ունենալ:


Հարցին՝ մենք քոսոտ երկի՞ր ենք, ԿԳ նախարարը պատասխանեց. «Երբեք: Մենք փոքր, հպարտ, ուժեղ ու մեծ հեռանկար ունեցող երկիր ենք»:


Լևոն Մկրտչյանն ասաց, որ զենք արտադրելու համար փոքր երկրները հսկայական ծախսեր պետք է կատարեն: «Մենք կարող ենք ունենալ շատ լուրջ, ռազմաարդյունաբերական համալիր, ինչպիսին ունեցել ենք ժամանակին, որտեղ մենք կարող ենք մեր ռազմավարական դաշնակիցների, գործընկերների հետ մասնակցել այդ գործընթացներին: Մի ուղղությամբ խորանալը հնարավորություն կտա Հայաստանին շուկա դուրս գալու»,- նկատեց նախարարը:


Դիտարկմանը, որ գրականագետներն առաջարկում են թոշակի ուղարկել ԳԱԱ-ի 80-ամյա նախագահին այս հայտարարության համար, ԿԳ նախարարը պատասխանեց. «ԳԱԱ-ն ինքնուրույն մարմին է, և իրենք այդ խնդիրները կարգավորում են: Ես կարծում եմ, որ մեր բազմավաստակ գիտնականներին երբեմն թույլատրելի է նաև վրիպում կատարելը: Այսինքն՝ նաև մարդու կենսագրությունը հաշվի առնելով և այլն: Իր ասածի իմաստն այն էր, կրկնում եմ, որ փոքր պետությունները չեն կարող ամբողջական ցիկլով նման խնդիր լուծել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել