Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում ունեցած ելույթում հայտարարել է, թե Թուրքիան չի ընդունի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԵՄ-ի ցուցումները:

Նա հիշեցրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում փոփոխություններ կատարելը վիզայի ռեժիմի ազատականացման պայմաններից մեկն է: «Մինչ այս ԵՄ-ն խոստացել էր վիզային ռեժիմը վերացնել մինչև հոկտեմբեր:

Դա հունիսին անելու համար նրանք ներկայումս առաջ են քաշել 72 չափանիշ: Մեզ ասում ենք՝ փոխեք ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը: Դուք նախ հետաքրքրվեք, թե արդյոք Թուրքիան կատարե՞լ է նմանատիպ որևէ ցուցում: Մենք կշարունակենք պայքարել ահաբեկիչների դեմ: Հուսով եմ, որ այդ ամենը կլուծվի մինչև հոկտեմբեր: Իսկ եթե ոչ, մենք կշարունակենք մեր ուղին»,- ասել է նա:

Էրդողանը վերստին հայտարարել է, որ ԵՄ-ն չի հատկացրել սիրիացի փախստականների համար խոստացված 3 միլիարդ եվրոն. «Այդ միջոցները դեռ չեն ստացվել: Դրանք կօգտագործվեն փախստականների կարիքների համար:

Մենք արդեն իսկ ծախսել ենք 20 միլիարդ դոլար, իսկ միջազգային հանրությունը մեզ տվել է միայն 450 միլիոն դոլար»:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Լյուշերը հայտարարեց, որ Թուրքիայում գրանցված է Սիրիայից ժամանած 2.730.000 փախստական, որոնց գրեթե 90 տոկոսը բնակվում է փախստականների համար նախատեսված հատուկ ճամբարներից դուրս։

Թուրքական մամուլում բազում հրապարակումներ են եղել, որ փախստականներն ամիսներով ապրում են կամուրջների տակ, լքված թունելներում, նկուղներում, բաց երկնքի տակ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել