Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ միասեռ ամուսնությունների թեման, որը վերջերս ակտիվորեն քննարկվում է երկրում, հորինված է, փոխանցում է Интерфакс-ը:
«Ինչո՞ւ եք դուք կարծում, որ միասեռ ամուսնությունը եվրոպական ավանդույթ է»,- այսպես է պատասխանել Վրաստանի նախագահը Թբիլիսիի դպրոցներից մեկում դասախոսության ժամանակ եվրոպական ավանդույթների և միասեռ ամուսնությունների մասին հարցին:
Նրա խոսքով՝ միասեռ ամուսնությունները որոշ եվրոպական երկրներում ընդունելի են, որոշ երկրներում՝ ոչ, և չի կարելի գործն այնպես ներկայացնել, թե վրացական ինքնությունը կենտրոնացել է այն բանի շուրջ, որ ոչ մի դեպքում թույլ չտա միասեռ ամուսնությունները:
«Եվրոպայում և Միացյալ նահանգներում մեկ այնպես է, մեկ՝ այլ կերպ: Ես չեմ ասում, որ դա ընդունելի է կամ անընդունելի, ես ասում եմ, որ, իմ կարծիքով, այդ թեման հորինված է»,- ասել է նախագահը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Քաղաքացիական օրենսգրքում այդ հարցն արդեն որոշված է` ամուսնություն է համարվում կնոջ և տղամարդու միությունը: