Կայքերից մեկում Հենոյի մասին մի նյութ ընկավ աչքովս: Թեման՝ Բորուսիայի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին էր: Չեմ կարծում, որ Մխիթարյանը պայմանագիրը երկարաձգելուց հրաժարվել էր այն պատճառով, որը գրված էր նյութի մեջ: Համոզված եմ, որ Հենոն նույնպես գիտակցում է, որ ամռանը թիմից հեռանալու են գրեթե բոլոր առաջատարները, իսկ դա նշանակում է, որ նոր եւ ուժեղ թիմ կազմավորելու համար Բորուսիայից երկար ժամանակ կպահանջվի: Բացի այդ, Մխիթարյանին արդեն նաեւ տիտղոսներ են անհրաժեշտ, որոնք Բորուսիայի հետ նվաճելն առայժմ անիրատեսական է: Դեռ մեկ տարի առաջ (կամ տարիուկես) գրել էի, որ Մխիթարյանի համար կատարյալ տարբերակներ կլինեին երեք ակումբներում կարիերան շարունակելը. Յուվենտուս, Արսենալ, Վալենսիա: Սրանք թիմեր են, որոնք իրենց խաղաոճով լիարժեք համապատասխանում են Մխիթարյանին: Հենոն մերն է, հպարտանում ենք, բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց նաեւ կընդունեք՝ կարծում եմ, որ արագաուժային ֆուտբոլի մեջ "կորչում է", մի տեսակ: Անգլիայի Պրեմիեր-Լիգան՝ արագաուժային ֆուտբոլի տեսանկյունից, այսօր հավասարը չունի Եվրոպայում: Կասկած չկա՝ Հենոն կարող է դառնալ նաեւ Արսենալի առաջատարը, բայց Պրեմիեր-Լիգայում միայն դա բավական չէ: Չմոռանանք նաեւ, որ Անգլիայի առաջնությունում շատ են նաեւ ուժեղ եւ հավասարազոր թիմերը: Սա, միանշանակ, վարպետությունը կատարելագործելու եւ կարգն ավելի բարձրացնելու համար հրաշալի միջավայր է: Բայց, կրկնեմ, Հենոն դժվար թե հարմարվի Պրեմիեր-Լիգային: Վալենսիայում նույնպես, մեր ֆուտբոլիստը կարող է առաջատար դառնալ: Պրիմերան լավ հարթակ է՝ ավելի բարձր ցատկ կատարելու համար: Բայց, քանի որ տվյալ պահին իսպանական ակումբներից առաջարկությունները բացակայում են, ուստի չարժե Վալենսիայում հարմարվելու տարբերակի մասին երկար խոսել: Ինչ վերաբերում է Յուվենտուսին, ապա կարծում եմ, որ թե՛ թիմի առաջատարներից մեկը դառնալու, թե՛ տիտղոսներ նվաճելու տեսնակյունից Յուվեն կատարյալ տարբերակ է Մխիթարյանի համար: Չեմ կարծում, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Ա Սերիայում լինի այնպիսի թիմ, որը կկարողանա Յուվենտուսին զրկել Սկուդետտոն նվաճելու հնարավորությունից: Իտալիայի չեմպիոնները նաեւ մշտապես իրենց տեղն ունեն Չեմպիոնների լիգայում, ինչն էլ՝ կարծում եմ, յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ցանկալի է: Մի խոսքով, Յուվենտուս տեղափոխությունը Մխիթարյանին կարող է տալ այն, ինչը Անդրեյ Շեւչենկոյին տվեց Միլանը: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Հենոն, աշխարհի ամենալավ ակումբը Յուվենտուսն է! ‪#‎ForzaJuve‬
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել