Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը 2016 թվականի սեպտեմբերից պլանավորում է կանոններ սահմանել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) շահագործման համար:

Այդ նպատակով Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը մշակում է նորմատիվային հատուկ ակտ, ուր նշված կլինեն անվտանգության այն նորմերը, որոնք պետք է պահպանեն ԱԹՍ-ների սեփականատերերը կամ օգտատերերը:

ԱԹՍ-ները չպետք է վտանգ ստեղծեն քաղաքացիական օդանավերի կամ այլ թռչող օբյեկտների, մարդու առողջության ու կյանքի համար: Դա գլխավոր պատճառներից մեկն է, որն առաջացրել է ԱԹՍ-ների օգտագործման հատուկ կանոններ սահմանելու անհրաժեշտություն:

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ նոր կանոնների ներդրմամբ ԱԹՍ-ների օգտագործումը հնարավոր կդառնա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, իրավապահ մարմինները, նավթամուղների ու գազամուղների մոնիտորինգը, ենթակառուցվածքների ստուգումը և այլն:

Քանի դեռ չեն սահմանվել ԱԹՍ-ների թռիչքները կարգավորող կանոնները, գերատեսչությունը հրապարակել է դրանց օգտագործման մի շարք խորհուրդներ, որոնց համաձայն՝ արգելվում է ԱԹՍ-ներ օգտագործել քաղաքներում, փողոցներում, խիտ բնակեցված տեղերում, օդանավակայանների մոտ ընկած տարածքներում (առնվազն 5.5 կիլոմետր հեռավորության վրա): Խորհուրդ է տրվել նաև ԱԹՍ-ներ օգտագործել եղանակային բարենպաստ պայմանների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել