Փոքրիկ խորհուրդ մեր «ՀԱՅ» աղջիկների մեծ մասին: Հարգելիներս, ես քաջ գիտակցում եմ, որ Ս. Սարգսի տոնին բոլորդ մեծ անհամբերությամբ եք սպասում և ավանդույթի համաձայն աղի բլիթ եք ուտում, բայց արդյո՞ք դուք ամբողջությամբ եք պահպանում ավանդույթը, թե միայն աղը շատ լինի, ասպետն էլ՝ հարուստ և ցանկալի: Չի կարելի ամեն բան վերածել խեղկատակության: Եղեք առավել ուշադիր ու եթե որևէ բան եք անում, ապա դա արեք մտածված և հավուր պատշաճի: Նախ հետևեք Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքին: Այս տարի հունվարի 20-ին սկսվել է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): Այն տևել է հինգ օր. այս տարի` մինչև հունվարի 25-ը ներառյալ: Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում։ Մեր Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:
Ա. Սուրբ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր:
Բ. Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել:
Գ. Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն ու թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին` տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տե´ս` Ծննդ. 1: 29-30) մարդուն ու ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում:
Դ. Ըստ Եկեղեցու` այս պահքը սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու Հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:
Իհարկե ոչ բոլորն են տեղյակ այսքան մանրամասն, բայց համոզված եմ, որ ցանկության դեպքում կարող եք հարցնել ձեր մեծերից և տեղեկանալ այն բանի մասին, ինչին հանդիպում եք ամեն տարի և ձեր ակտիվ մասնակցությունն եք ցուցաբերում: Բոլոր աղջիկներին մաղթում եմ լավ տրամադրություն և իրենց երազանքների ասպետի հետ հանդիպում` «երազում»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/399105163515228
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել