20-րդ դարի մեծանուն նկարիչներից մեկի` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է ԽՍՍՀ կառավարության հատուկ որոշմամբ և բացվել է նրա կենդանության օրոք` 1967թ. նոյեմբերի 26-ին: Թանգարանի շենքը բաղկացած է տնից, որտեղ Մ. Սարյանն ապրել է 1932-1972թթ. և եռահարկ պատկերասրահից` կառուցված 1967թ.:

 Թանգարանի հավաքածուի հիմքը կազմում է Վարպետի կողմից նվիրաբերված 50 ստեղծագործություն` 30 գեղանկար և 20 գրաֆիկական աշխատանք: Այսօր ֆոնդերում պահվում է շուրջ 250 թանգարանային միավոր:

 Թանգարանը գեղարվեստական է, իսկ հավաքածուն` իր բնույթով եզակի, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալու Մ. Սարյանի ստեղծագործության բոլոր շրջաններին` սկսած իր առաջին գծանկարներից մինչև վերջին գեղանկարն ու ֆլոմաստերով արված աշխատանքների շարքը:

 Մշտական ցուցադրությունը կազմակերպված է թանգարանի երեք հարկում` ժամանակագրական կարգով: Այցելության համար բաց է նաև նկարչի արվեստանոցը, ուր նա աշխատել է 40 տարի: Արվեստանոցում այցելուների համար ցուցադրվում են <<Մարտիրոս Սարյան>> վավերագրական ֆիլմից հատված, որտեղ նկարիչն ապակու վրա նկարում է ծաղիկներ:

Թանգարանում տարվում է Մ. Սարյանի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրմանն ուղղված գիտական աշխատանք, տպագրվում կատալոգներ, գրքեր, ալբոմներ: Կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, կամերային և վոկալ երաժշտության համերգներ: Թանգարանն իրականացնում է նաև տարբեր կրթական ծրագրեր դպրոցականների և ուսանողների հետ:

Թանգարանում անցկացվում է էքսկուրսիա հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լիտվերեն լեզուներով:

Իր բացման օրից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանի ամենաշատ այցելու ունեցող թանգարաններից է, իսկ նկարչի արվեստն էլ արդեն շուրջ մեկ դար դարձել է Հայաստանի այցեքարտը և հիմնական խորհրդանիշներից մեկը:

Կոնտակտային տվյալներ

Հասցե` Սարյան փ. 3, 0002, Երևան, ՀՀ

Հեռ.`    (+374 10) 58-17-62

Ֆաքս`  (+374 10) 52-16-07

Տնօրեն` Ռուզան Սարյան

Էլ. փոստ`    [email protected]

Էլ. կայք`      www.saryan.am

 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել