Հիսուսն սկսեց առակներով խոսել ժողովրդի հետ և ասաց.
-Մի մարդ այգի տնկեց, չորս կողմից ցանկապատեց այն, հնձանի համար փոս փորեց, մի աշտարակ էլ շինեց և այն վարձու տվեց մշակների, իսկ ինքը գնաց ուրիշ երկիր։ Այգեկութի ժամանակ մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որպեսզի այգու բերքից իր բաժինն առնի մշակներից։ Մշակները ծառային բռնեցին, ծեծեցին և ձեռնունայն հետ ուղարկեցին։ Ապա նա մի ուրիշ ծառայի ուղարկեց։ Բայց մշակները նրա գլուխը վիրավորեցին և անպատվելով հետ ուղարկեցին։ Նա մեկ ուրիշին էլ ուղարկեց, և այս անգամ մշակները սպանեցին նրան։ Այգու տերն ուրիշ ծառաների էլ ուղարկեց, սակայն մշակները նրանցից ոմանց ծեծեցին և ոմանց էլ սպանեցին։
Այգու տիրոջ համար միակ անձը, որ մնում էր, իր սիրելի որդին էր։ Վերջում նրան ուղարկեց մշակների մոտ՝ մտածելով. «Թերևս իմ որդուն հարգեն»։ Բայց մշակները երբ տեսան, որ որդին է գալիս, ասացին միմյանց. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան, որպեսզի ժառանգությունը մեզ մնա»։ Ապա բռնեցին նրան, սպանեցին և դիակը այգուց դուրս նետեցին։ Հիմա այգու տերը ի՞նչ կանի մշակներին։ Անշուշտ, պիտի գա, սպանի նրանց և այգին տա ուրիշներին։ Արդարև, Սուրբ գրքերում դուք չե՞ք կարդացել. «Այն քարը, որ շինարարները մերժեցին գործածել, հետո անկյունաքար եղավ։ Տերն է, որ կատարեց այս, և մեր աչքին սքանչելի է»։
Հրեա ղեկավարները, հասկանալով, որ Հիսուսն իրենց համար ասաց առակը, ուզեցին ձերբակալել նրան, բայց ժողովրդից վախենալով՝ թողեցին գնացին։
Ապա նրանք Հիսուսի մոտ ուղարկեցին մի քանի փարիսեցիների և Հերովդեսի կողմնակիցների, որպեսզի իրենց հարցումներով նրան ծուղակը գցեն։ Նրանք նենգամտորեն հարցրին Հիսուսին.
-Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտախոս մարդ ես և բնավ հոգ չես անում, թե ուրիշներն ի՛նչ կասեն, որովհետև աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծու կամքն ես ուսուցանում։ Արդ, ասա՛ մեզ, մեր Օրենքի համաձայն՝ պե՞տք է կայսրին տուրք տանք, թե՝ ոչ։ Տա՞նք, թե՞ չտանք»։
Հիսուսը հասկացավ նրանց կեղծավորությունը և ասաց.
-Կեղծավորնե՛ր, ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի արծաթ դրամ բերեք, որ տեսնեմ։
Եվ նրանք բերեցին։ Ապա հարցրեց.
-Սա ո՞ւմ պատկերն ու արձանագրությունն է։
Նրանք պատասխանեցին.
-Կայսրի։
Հիսուսն ասաց նրանց.
-Գնացե՛ք, ինչ որ կայսրին է պատկանում, կայսրի՛ն տվեք, և ինչ որ Աստծուն է պատկանում, Աստծո՛ւն տվեք։
Եվ բոլորն էլ հիացան նրա վրա։
(Մարկոսի ավետարան 12:1-17)