Վահագն Մխոյանը դիպուկ էր նկատել, որ ապրիլյան պատերազմի որոշ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ զինծառայողների դիակների խոշտանգումը ոչ միայն բարոյական (դա ըստ ինքյան պարզ է), այլև բուն ռազմական պլանավորման տեսանկյունից դժվար ընկալելի է՝ հաշվի առնելով, որ այդ պահին այդ հանցագործություններն իրականացնող անձինք պետք է կատարեին իրենց հիմնական մարտական առաջադրանքը։ Իր գրառման վերջում հեղինակը կարծիք է հայտնում, որ «այնպիսի տպավորություն է, որ իրենց համար հաղթանակը հենց հայ սպանելն է»։
• Իրականում տպավորությունը միանգամայն ճիշտ է։ Ավելին, ապրիլյան պատերազմի ընթացքում տասնյակ հայ զինծառայողների խոցումն ի շարս մեկ-երկու բարձունքի «ազատագրման»՝ ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնակա՛ն գործիքն էր, որով նրանք հիմնավորում էին, որ հաղթել են (այս մասին նշել եմ մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում՝ 05։48 րոպե):
• «Խոջալուի ցեղասպանության» հորինվածքի շուրջ հյուսված առասպելաբանության ու հակահայկականության առանցքային թեզերից է այն, որ «հայերը նամարդ են, ստոր պատերազմողներ, ձեռք են բարձրացնում ու կոտորում անմեղ մարդկանց՝ կանանց, երեխաների, ծերերի»։ Ադրբեջանցիների հոգեբանության ծալքերին նվազ ծանոթ մարդը կարող է ենթադրել, որ սրան հավատացող ադրբեջանցիները պարզապես ալիևյան քարոզչության զոհերն են, և բնույթով արդար ու խաղաղասեր են։ Իրականում հենց այդ նույն ադրբեջանցիներն են, որ, դատապարտելով «հայերի նամարդությունը», միևնույն ժամանակ հիանում են իրենց զինծառայողների այդօրինակ գործողություններով՝ դիակների խոշտանգում, ծանակ և այլն։
• Իրական պատկերն ու բացատրությունն այն է, որ հայերի «նամարդության» մասին խոսելիս ադրբեջանցին դա չի դատապարտում քաղաքակրթական-բարոյական տեսանկյունից՝ ընկալելով նմանօրինակ հանցագործությունները՝ որպես սկզբունքորեն անընդունելի երևույթ․ նա դատապարտում է այն, որ հա՛յը կարող է նման արարք թույլ տալ ադրբեջանցու հանդեպ։ Իսկ հակառակը ադրբեջանցին ոչ միայն չի դատապարտում, ոչ էլ «աչք է փակում», այլ ողջունո՛ւմ է, որովհետև հայի գոյությունը համարում է ապաբանական ֆենոմեն, իսկ հային՝ իրավազուրկ օբյեկտ։
• Ասածս հաստատելու համար տեսականորեն մի ամբողջ հետազոտություն կարող եմ կատարել, սակայն այս պահին կվերհիշեմ վերջին օրերից մի դեպք։ Ներկայանալով որպես հայ՝ ադրբեջանցիներին փորձում էի համոզել, որ պատերազմական պայմաններում մեղավորն իրենց զինվորական ղեկավարությունն է, որ հրետանային կրակակետերը տեղավորում է խաղաղ բնակավայրերի մերձակայքում/ներսում՝ վերածելով այդ վայրերը մեզ համար լեգիտիմ թիրախի։ Ադրբեջանցիները հակադարձում էին մի շատ բանալ պնդումով․ «իսկ ձեզ վափշե ո՞վ ա թողել մեզնից գրաված հողերից մեր վրա կրակել»։ Շատ պարզ է․ ադրբեջանցին չի քննարկում կոնկրետ ռազմական գործողության լեգիտիմությունը, ինքը քննարկում է հայերի գոյության լեգիտիմությունը ու միանգամից հերքում այն՝ «մենք կրակում ենք, դու պիտի չպատասխանես ու մեռնես» տրամաբանությամբ։
• 1988 թ․ Բաքվի Լենինի հրապարակում հնչող «ermənisən, ölməlisən, vəssalam» («հայ ես, ուրեմն պիտի մեռնես, ու վե՛րջ») վանկարկումների ոգին Ադրբեջանում հարատևելու է այնքան, քանի դեռ այդ պետությունը ներկա կոնֆիգուրացիայով գոյություն ունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել